«Եթե չլիներ «Ժառանգությունը», Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը չէին կայանա». Րաֆֆի Հովհաննիսյան

««Ժառանգությունն» ապրում է հերթական էտման իր շրջանը։ Անմնացորդ սիրով սիրում եմ Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին։ Ափսոսում եմ, որ գնացին, բայց անհրաժեշտ էր, որ գնային, իրենց համար էր անհրաժեշտ և մեզ համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանն իրենց հպարտության աղբյուրն են. «Խիստ հպարտ եմ իրենցով, առաջին հերթին՝ իրենց շնորհքն է, իրենց քաղաքացիական նվիրումը, իրենց տեսակը, և դա գնահատում եմ։ Միաժամանակ, կարող եմ ասել, որ իրենք կայացել են «Ժառանգության» դպրոցի պատճառով։ Եթե չլիներ «Ժառանգության» դպրոցը, եթե չլիներ նախորդ գումարման ԱԺ-ն՝ «Ժառանգության» դպրոցի եղանակով, իրենք չէին լինի այն, ինչ կան այսօր»։

Հովհաննիսյանը նշեց, որ իրենց մոտ միշտ բազմակարծություն է եղել. «Մի օր «Ժառանգությունը» կարող է և չլինել, բայց միգուցե հիշեք այդ դպրոցը, որ ներկայացնում էր «Ժառանգությունը»։ Այդ բազմակարծության մեջ կա նաև հետևյալը. ես մի քանի անգամ է, որ սեփական հիմնադրածս կուսակցության մեջ եղել եմ փոքրամասնություն։ Ես բարձրացրի Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքը՝ որպես ընդդիմադիր թեկնածուի։ Ես իր ձեռքը բարձրացրի «Ժառանգության» վարչության ուժի բերմամբ, իսկ ես դեմ էի այդ ձևակերպմանը։ Ես կողմ էի, որ «Ժառանգությունը» զորակցեր ընդհանրապես ընդդիմությանը։ Այս վերջին ընտրությունում ամեն ինչ չէ, որ իմ ուզածով եղավ, թեև հիմա ասում եմ՝ շատ հպարտ եմ, որ գեներալ Օհանյանի և պարոն Օսկանյանի հետ ընդհանուր պայքար տարանք, որն անհրաժեշտ էր՝ Հայաստանի քաղաքական մշակույթի տեսակետից»։

Նա հավելեց՝ հասունացել էր պահը, որ Զարուհի Փոստանջյանն իր սկզբունքային տարբերակման պատճառով ստեղծեր սեփական կուսակցությունը. «Նա մի քանի ամիս պատրաստվում էր դրան։ Ես իրեն սիրում ու բարին եմ մաղթում, և արդեն իր մրցակից, «Ժառանգության» դպրոցի շրջանավարտ Անահիտ Բախշյանը, որի դեպքում չստացվեց «Ազատ դեմոկրատների» հետ, բայց ստացվեց «Ելքով»։ Ինչ նրանք անում էին մեր վարչության ինստիտուտում, հիմա կանեն ավագանիում, դուք կտեսնեք»։

Տեսանյութեր

Լրահոս