Թուրքիայում որոշվել է քանդել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին
Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին կարող է քանդվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա և Լալեբեյ թաղամասերում վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում: Այդ աշխատանքների շրջանակներում որոշում է կայացվել քանդել նշված թաղամասերում գտնվող մի շարք շինություններ, որոնց թվում հայտնվել է նաև պատմական հայկական կառույցը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները երբևէ որևէ քայլ չեն արել եկեղեցու վերակառուցման կամ պահպանման ուղղությամբ՝ միաժամանակ աչք փակելով գանձախույզների կողմից եկեղեցու տարածքում կատարվող ավերածությունների վրա: Արդյունքում Սուրբ Սարգիս եկեղեցին ռիսկային կառույց է հայտարարվել և կառավարության որոշմամբ ենթակա է ապամոնտաժման:
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) և «Նոր Զարթոնք» – «Հայկական մշակույթ» միությունների անդամ Մուրաթ Մըհչըն եկեղեցում տեղի ունեցող ավերարածությունները և թուրքական իշխանությունների կայացրած որոշումը որակել է որպես «պատմության սպանություն»:
Մըհչըն նշել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին վերջին շրջանում վերանորոգվել էր տեղի հայերի և Դիարբեքիրի բնակիչների ջանքերով, սակայն 2015թ. նոյեմբերի 28-ին սկսված և 103 օր տևած բախումների պատճառով պատմական կառույցը դարձյալ մեծ վնասներ է կրել:
«100 տարի առաջ տեղի ունեցած կոտորածներից հետո հայերը աքսորվում կամ կոտորվում էին: Այդ պատճառով Սուրում շատ քիչ հայկական կառույցներ են պահպանվել: Այսօր այլ ազգերի հետ էլ վարվում են այնպես, ինչպես 100 տարի առաջ հայերի հետ են վարվել: Սակայն խնդիրը միայն եկեղեցու ապամոնտաժումը չէ: Խնդիրն այն էլ, որ մինչ քննարկվում է հայերին պատկանող գույքերի վերադարձի հարցը, իրական զարգացումները բոլորովին հակառակ ուղղությամբ են ընթանում», – ասել է Մըհչըն: Նա ընդգծել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ապամոնտաժումը նպատակ ունի վերացնել այդ տարածքում հայերից մնացած հետքերը:
Մուրաթ Մըհչըն տեղեկացրել է նաև, որ եկեղեցու քանդման դեմ իրավական գործընթաց է սկսվել և հայկական շինությունների ու պատմական կառույցների պահպանման համար մղվող պայքարը այսուհետ ևս շարունակվելու է:
Հայոց ցեղասպանությունից հետո Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին օգտագործվել է որպես հացահատիկի շտեմարան և ախոռ: Բացի այդ, եկեղեցին որոշ ժամանակ ծառայեցվել է նաև որպես անմշակ բրնձի գործարան, ինչի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» (Անմշակ բրնձի եկեղեցի) անունը:
Նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, քանի որ այդ մասին բավարար գրավոր աղբյուրներ կամ արձանագրություններ չկան: Սակայն որոշ մասնագետներ, դատելով եկեղեցու նախագծից և ճարտարապետական առանձնահատկություններից, ենթադրում են, որ այն 16-րդ դարի կառույց է: