Բաժիններ՝

«Այս խեղկատակությանը պետք է վերջ տալ». Հրաչ Բերբերյան

Հունիսի 12-ի կարկտահարության արդյունքում Արմավիրի մարզի շուրջ 10 գյուղ մեծ վնասներ է կրել: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ այս 10-ը գյուղերը կարելի է հայտարարել աղետի գոտի, քանի որ արտադրանքը 100 տոկոսով վերացվել է:

Հակակարկտային կայանների մասին խոսելով՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ սա ուղղակի արջի ծառայություն է. հակակարկտային սարքերը բանի պետք չեն: Նրա խոսքով՝ պետությունն այսօր հակակարկտային կայանների վրա միլիոններ է ծախսում, բայց նույն բանն է մնում. գյուղացու բերքը չի փրկվում: Հիմա փորձում են հրթիռային սարքերը, որը, ըստ բանախոսի, 70 % արդյունավետություն ունի:

«Մենք, 10 տարի է՝ պնդում ենք, որ այդ սարքերը բանի պետք չեն, բայց գյուղնախարարի տեղակալն էլի փորձում է պաշտպանել այդ սարքերի արդյունավետությունը, ուղղակի բանից պարզվում է՝ կարկուտն է շատ հզոր եղել, ու կարկուտն է մեղավոր: Այս խեղկատակությանը պետք է վերջ տալ: Գյուղատնտեսության փոխնախարարը գյուղացու շահերը պետք է պաշտպանի, ոչ թե հակակարկտային ծառայություն մատուցողների շահերը»,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ կարկտահարությունից խուսափելու համար լավագույն տարբերակը կլինի ցանցային համակարգի տեղադրումը, ինչն ունի 100 տոկոսանոց արդյունավետություն: Ցանցային համակարգի տեղակայման դեպքում ընդհանրապես կարկտահարության վտանգ չկա:

Հրաչ Բերբերյանի փոխանցմամբ՝ Գյուղնախարարության և մարզպետարանի 3 հանձնաժողով է աշխատում այս խնդրի լուծման համար, թե ինչ օգնություն ցույց կտան գյուղացիներին, դեռ պարզ չէ:

Գյուղացիներին օգնություն տրամադրելու համար Հրաչ Բերբերյանը դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Պետք է գյուղացին ստանա օգնություն, լավ կլինի՝ ֆինանսական լինի, պետք չի՝ ջրի գումար զիջեն, վրացական անորակ պարարտանյութ բերեն-բաժանեն, պետք է ուղղակի գյուղացու վարկերը սառեցվեն, որովհետև հենց այդ 10 գյուղում մարդիկ ի վիճակի չեն փակել վարկերը, ընդհանրապես արտադրանք չունեն. և՛ բանջարեղենը, և՛ միրգը վնասված է»:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս