Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է հրդեհից առնվազն վեց մարդու զոհվելը
Առնվազն վեց մարդ է զոհվել Լոնդոնի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Sky News-ը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:
Մինչդեռ զոհերի թիվը վերջնական չէ: Ականատեսները նշում են, որ տեսել են՝ ինչպես էին մարդիկ ցած նետվում պատուհաններից՝ փրկվելու հույսով: Տեղում շարունակում են աշխատել հրշեջները: Նրանց խոսքով՝ 24-հարկանի շենքի փլվելու սպառնալիք չկա: Տեղի իշխանությունները խոստովանում են, որ իրենք տեղեկատվություն չունեն այն մասին, թե մինչ այժմ քանի մարդ կարող է գտնվել շենքում: Սոցցանցերում հայտնվում են լոնդոնցիների տասնյակ հաղորդագրություններ, որոնք փորձում են գտնել իրենց մերձավորներին, որոնք կարող Էին լինել շենքում:
«Գրենֆել Թաուեր» բնակելի շենքից, որն այրվել է լույս հունիսի 14-ի գիշերը, տարհանվել են տասնյակ մարդիկ: Բրիտանական ԶԼՄ-ները նշել են, որ բռնկումն սկսվել է ստորին հարկերից մեկում, իսկ այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ շենքով: Yahoo News-ը, հղում անելով տեղի բնակիչների նախաձեռնող խմբի տվյալներին, նշում է, որ բնակիչներն ավելի վաղ գանգատվում էին շենքում բնակվելու վտանգավոր պայմաններից:
Մասնավորապես, 2014 թվականին նրանք տեղի հրշեջ պահպանությանն էին դիմել շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին դարձնում այն բանի վրա, որ շենքը միայն մեկ մուտք ունի, եւ բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:
Բացի այդ, բնակիչները ենթադրում են, որ կրակն արագորեն տարածվել է հարդարման աշխատանքներում օգտագործված մեծ քանակությամբ պլաստիկի պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: