«Իմ էրեխու սպանվելուց հետո ամեն ինչ վերջացավ… մի օր շուտ հանձնվեիք». ասում է ՊՊԾ գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանի մայրը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2016 թվականին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սպանված 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանի հարազատները տեղյակ չեն եղել, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն արդեն սկսվել է:

Հունիսի 8-ին կայանալիք նիստի մասին նրանք իմացել են նիստի ավարտից հետո, երբ նիստի վերաբերյալ հրապարակումներ են եղել մամուլում: Մեր զրույցում սպանված ոստիկանի մայրը՝ տիկին Աշխենը, ասաց, որ նշանակվելիք նիստի օրվա մասին դատարանից ծանուցում չեն ստացել: Տեփանոսյանի ընտանիքը նախաքննության ընթացքից էլ որեւէ տեղեկություն չի ստացել. «Մեզ մի տարի է, ոչ մի բան էլ չեն ասում»,- ասաց նա:

Մեր հարցին, եթե ծանուցում ստանան, կգնա՞ն դատարան, կմասնակցե՞ն դատավարությանը, Տեփանոսյանի մայրը հուզված պատասխանեց. «Չգիտեմ, հիմա չեմ կարող ասել… էս ցավը մինչեւ կյանքիս վերջ գնալու է: Մեկ տարի է, մենք անընդհատ ինչ-որ բան սպասում ենք, ախր իմ 30 տարեկան էրեխեն մահացավ, տանից դուրս եկավ ու զոհվեց: Ի՞նչ ձեւ են նայում սրան, ոնց կարելի է էսքան հանգիստ նայել»: Ճշտող հարցին, թե տեղյա՞կ է ինչ հանգամանքներում է սպանվել Յուրի Տեփանոսյանը, տիկին Աշխենն ասաց. «Իմ տղան չկա, ինչ հանգամանքներում է մահացել, ինչ է եղել, ես էսօր ոչ մի բան չեմ հասկանում: Հարյուր ձեւի քննարկումներ են գնում, ի՞նչ իմանամ, որն է ճիշտը»:

Տեփանոսյանի ընտանիքը գործի հանգամանքների մասին համացանցից է տեղեկանում, որդու՝ Յուրիի սպանության մասին էլ են համացանցից տեղեկացել: Մեր հարցին ի պատասխան` նա ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին մինչեւ դեպքը չի ճանաչել. «Չեմ էլ իմացել դրանք ովքեր են, հետաքրքիր էլ չի եղել, որ իմանամ, որովհետև հիմա ինչ… ամեն ինչ կեղծիք է: Եթե սուտ չլիներ, իմ երեխու սպանվելուց մի ժամ հետո էս ամեն ինչը կվերջանա՞ր, բա թող շարունակվեր, որ ես էսօր իմանայի, որ հերոսի մայր եմ, ոչ թե մտածեի, որ իմ երեխան եղավ էս ամեն ինչի փակվելու պատճառը…սպանեցին ու վերջ: Ես չեմ ուզում ոչ մի ծնող, ոչ մի մայր էս ցավը զգա, հարցը էն ա, որ իմ էրեխու սպանվելուց հետո ամեն ինչ վերջացավ, ինչի՞ համար, ինչի՞ հանձնվեցիք, մի օր շուտ հանձնվեիք: Երկու զոհն իրենց համար քի՞չ էր, անպայման պետք է երրորդ զոհ ունենայի՞ն, որ մի ժամ հետո հանձնվեին»,- հուզված պատմում էր սպանված ենթասպայի մայրը:

ՊՊԾ գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանը ծառայում էր ոստիկանության զորքերում՝ 1033 զորամասում: Մոր՝ տիկին Աշխենի խոսքով, որդին չի սիրել ոստիկանական համակարգը: «Իր պապիկի երազանքն է եղել, որ ոստիկան դառնա, աշխատելուց հետո քիչ-քիչ սկսեց սիրել համակարգը, երկու տարի անց՝ նվիրվեց աշխատանքին: Ասում էր մամ՝ հեսա լեյտենանտ կստանամ, ամեն ինչ լավ կլինի: Յուրին կյանքով լիքն էր, շատ նպատակներ ուներ…»,- պատմեց տիկին Աշխենը:

Յուրի Տեփանոսյանը 2 դուստր և մեկ որդի ունի: Դուստրերից ավագը՝ Էլենն է միայն դպրոց գնում՝ պարուհի է, փոքր դուստրը մանկապարտեզ է հաճախում: Տեփանոսյանը դուստրերից հետո տղա էր ունեցել. «Երազում էր, թե երբ է տղա ունենալու…»,- ասաց մայրը: Որդին 6 ամսական է եղել, երբ Յուրին մահացել է. «Առաջին բառը պապա է ասել»,- հուզված նշեց տիկին Աշխենը: Նշենք, որ Յուրի Տեփանոսյանին հետմահու շնորհվել է լեյտենանտի կոչում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Տեսանյութեր

Լրահոս