«Մետրոյի մեկ կիսատ կայարանի շինարարության համար անհրաժեշտ է 50 միլիոն եվրո». Գուրգեն Մուշեղյան
Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանի պնդմամբ՝ շատ գործոններ կան, որոնք խանգարում են, որպեսզի այսօր շարունակվի մետրոյի շինարարությունը. Դրանք են՝ տրանսպորտի բիզնես, քաղաքապետարանի չկամություն: Ըստ նրա՝ հենց այն, որ գումարների 10 %-ն օգտագործվում է, որ նոր ավտոբուսներ գնեն, լուծեն հասարակական տրանսպորտի խնդիրը, ևս մեծ արգելք է, որ շարունակեն մետրոյի շինարարությունը: «Ամեն ինչ արվում է, որ գծատերերի համար շահութաբեր լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գուրգեն Մուշեղյանը:
Երևանյան մետրոյի անդրանիկ գիծը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին, այն ուներ 4 կայարան: Մինչև 1989 թվականը հայտնվեց ևս 5 կայարան: Վերջին կայարանը «Զորավար Անդրանիկն» է, որը շահագործման է հանձնվել 1989 թվականին: 1996 թվականին էլ շահագործման է հանձնվել «Չարբախ» դեպոն: Այսօր մետրոպոլիտենի երկարությունը 13.4 կմ է:
«Սկզբում նախատեսվում էր՝ մինչև 1990 թվականը 3.5 կմ երկարությամբ գիծ անցկացնել «Բարեկամություն» կայարանից դեպի 15-րդ թաղամաս, իսկ մինչև 2000 թվականը՝ անցկացնել ևս 2 գիծ: Կայարանների ընդհանուր թիվը պետք է հասներ 36-ի: Բայց հետագա տարիներին շահագործման չհանձնվեց ոչ մի մարդատար կայարան»,- ասաց ասուլիսի մյուս բանախոս, հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանը:
Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ շատ առիթներ են եղել, երբ Աջափնյակի մետրոն կարելի էր հանձնել շահագործման, որովհետև այնտեղ մոտավորապես 100 մլն դոլարի ներդրումներ են արվել: Ու քանի որ մեկ ամբողջական կայարանի շինարարության համար անհրաժեշտ է 150 միլիոն եվրո, ապա կիսատ կայարանների շինարարությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 50 միլիոն: Որովհետև թունելները գրեթե լրիվ պատրաստ են: Բացի դրանից՝ այնտեղ 6 հորաններ կան, որոնք ապահովում են շինարարության շարունակությունը:
«Մենք անուշադիր ենք եղել հասարակական ամբողջ տրանսպորտի զարգացման նկատմամբ, իսկ հասարակական տրանսպորտն անհրաժեշտություն է: Եթե մենք չվերականգնենք հասարակական տրանսպորտը, մենք չենք ունենա հատուկ շարժման ուղի: Միլիոնանոց քաղաքը չի կարող առանց մետրոպոլիտենի գոյատևել, մենք կկանգնենք փաստի առաջ»,- ասաց Գուրգեն Մուշեղյանը:
Տնտեսագետ Սուրեն Սարգսյանը ներկայացրեց իր առաջարկը. այն է՝ ստեղծել «Երևանի մետրոպոլիտեն» հիմնադրամ:
«Կառավարությունը շատ է խոսում այն մասին, որ գումար չկա, ու թվում է, թե անելանելի դրության մեջ ենք, բայց ես, արդեն քանի տարի է՝ գրում եմ և առաջարկում հստակ քայլեր, որոնք մեզ կօգնեն այս հարցը լուծել: Այս ֆոնդի ստեղծման համար սկզբնական շրջանում ֆինանսական առումով կառավարությունը պետք է մասնակցությունը ունենա, հետո արդեն կգտնվեն բարերարները, որոնք նույնպես կմիանան ու կօգնեն:
Նա նաև առաջարկեց Աջափնյակի չգործածված երկու կայարաններն անվանել մեր մեծ հայրենակիցների՝ Շառլ Ազնավուրի և Քըրք Քըրքորյանի անուններով:
Անի Թորոսյան