Բաժիններ՝

«Այսօր էլ առավոտյան 8։30-ից մեր ամբողջ թիմը Վարդենիսում է, և լուծումներ անկասկած կգտնենք». Վաչե Տերտերյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է համայնքների խոշորացման հարցը: Հիմնական զեկուցող տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով՝ համայնքների ավագանիների վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու են խոշորացման պրոցեսի ավարտից հետո միայն։

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե համայնքների բնակիչների, ազգային, կրոնական փոքրամասնությունների կարծիքները հաշվի առնվե՞լ են, թե՞ ոչ խոշորացման ծրագրում։

«Հաշվի առնվել են հնարավորինս և շարունակում ենք հաշվի առնել, չնայած՝ համայնքների խոշորացման ծրագիրը որևէ կերպ չի նսեմացնում կամ նվաստացնում ազգային կամ ավանդույթային բաները։ Տարբեր գյուղեր մի համայնքի մեջ լինելով՝ կարող են փոխադարձ հարստացնել մշակույթը»,- պարզաբանեց Տերտերյանը՝ նկատելով, որ հիմա քննարկում են նաև Վարդենիսի հարցը։

Հիշեցնենք, որ երեկ Վարդենիսի շրջանում մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ նշելով, որ դեմ են համայնքների խոշորացման առաջարկվող ծրագրին։

Վարդենիսի վերաբերյալ հարց ուղղեց նաև «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը, որին ի պատասխան՝ Տերտերյանն ասաց, որ երեկ վարդենիսցիների հետ նախարարության վարչության պետը հանդիպել է, խնդիրը պարզաբանել։ «Այսօր էլ առավոտյան 8։30-ից մեր ամբողջ թիմը Վարդենիսում է, և լուծումներ անկասկած կգտնենք։ Մենք ամեն ինչից մանրամասն տեղյակ ենք։ Վարդենիսցիներն առաջարկել են փնջային բաժանման նոր տարբերակ, մենք դա քննարկում ենք»,-եզրափակեց Տերտերյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս