ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանը 16 մեդալ է նվաճել
Հայաստանի մի խումբ երիտասարդներ և պատանիներ արդեն 12-րդ անգամ երիտասարդական ԱՊՀ մասնակից երկրների Դելփյան խաղերին բարձր են պահել իրենց երկրի անունը։ 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով։
«Տարբեր բնագավառներում՝ սպորտում, դպրոցական ազգային օլիմպիադաներում դուք հաստատում եք, որ Հայաստանը գիտակրթական տարածք է, ունենք մշակույթ, քաղաքակրթություն։ Ուրախ եմ, որ կարողանում եք երկրի պատիվը բարձր պահել մշակույթի ոլորտում»,-գովելով և խրախուսելով մեդալակիրներին՝ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Մոտ 2400 մասնակիցներից 26-ը եղել են Հայաստանից և Արցախից։ Հաջորդ խաղերը լինելու են Եվրոպայի, ապա նաև աշխարհի։
Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը նշեց, որ Հայաստանը Դելփյան խաղերի առաջին օրվանից, երբ վերսկսվել են խաղերը (2000 թվականից) ամեն տարի մասնակցել է և մշտապես գրանցել փայլուն արդյունքներ։
«2010 թվականին Հայաստանում անց է կացվել ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ Դելփյան խաղերը, որտեղ մեր երկիրը փայլուն արդյունք է ցույց տվել՝ գրավել է 1-ին հորիզոնականը։ Ներկա պահին Դելփյան խաղերը անցել են լսումների մակարդակով, բայց հաջորդ տարվանից ցանկություն ունենք մյուս երկրների նման՝ մեր երկրում նույնպես ազգային խաղեր անցկացնելու, որտեղ ավելի մեծ թվով երեխաներ առիթ կունենան ընդգրկվելու»,- ընդգծեց Ալեքսան Զաքյանը։
Մեդալակիր երիտասարդներից և պատանիներից 5-ը տարբեր մարզերից էին, մեկն Արցախից։
Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը։ Դելփյան խաղերին մասնակցել են պատվիրակություններ՝ Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած է եղել 46 հոգուց, այդ թվում՝ 29 մասնակից 11 անվանակարգերում (դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական, էստրադային, ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, դեկորատիվ կիրառական արվեստ)։
ԱՊՀ մասնակցի երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ թիմի՝ պատվավոր 2-րդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով։ Եվս 16 հոգի խրախուսվել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով։