Բաժիններ՝

Գերմանիայի նախարարների խորհուրդը որոշել է դուրս բերել զինվորներին թուրքական ռազմաբազայից

Գերմանիայի նախարարների խորհուրդն ընդունել է պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի առաջարկը գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Քանի որ գերմանացի զինվորներն Ինջիրլիքի ռազմաբազա ուղարկելու մասին որոշումը կայացրել է դաշնային խորհրդարանը, անհրաժեշտ է նաև, որ այդ որոշումը կայացնի նաև խորհրդարանը:

Դաշնային խորհրդարանի զինված ուժերի հարցերով զեկուցող Հանս-Պետեր Բարթելսը նախքան նախարարների խորհրդի կողմից որոշման ընդունումը լրագրողներին ասել է, որ Ինջիրլիքի հետ կապված որոշման ընդունման գործում պետք է ներգրավված լինեն նաև պատգամավորները:

Գերմանիայի Կանաչների կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Անտոն Հոֆրայթերը և Ձախերի կուսակցության խմբակցության ղեկավար Դիետմար Բարչը ևս լրատվամիջոցներին ասել են, որ վերջին խոսքը պետք է ասի խորհրդարանը:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:

Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս