Գայանե Սողոմոնյանն այլ աշխատանքի կանցնի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Սա անակնկալ էր ոչ միայն համակարգի, այլև նրա մտերիմների համար, որոնք պնդում են, որ վարչության պետը, որը 2009-ից զբաղեցնում է այս պաշտոնը, հրաժարական տալու մտադրություն չուներ, թեև ընտրությունների նախօրեին կասեցրել էր անդամությունը ՀՀԿ-ին:
Եվ չնայած վերջին շրջանում նկատելի հակասություններ չուներ Տարոն Մարգարյանի հետ, սակայն նրա հեռացումը վերագրում են քաղաքապետի վերաբերմունքին, ում վերընտրվելուց հետո քարտ-բլանշ են տվել՝ ցանկացած կադրային փոփոխություն անելու: Մյուսները կատարվածը հակված են բացատրելու գլոբալ քաղաքական խաղերով՝ Սողոմոնյանի ամուսնու՝ Իշխան Զաքարյանի հրաժարականով, Գագիկ Ծառուկյանի հետ նրա ունեցած խնդիրներով, և կարծում են, որ Զաքարյանի՝ պաշտոնից դուրս գալը թուլացրեց նաև նրա կնոջ դիրքերը: Սակայն լուրեր կան, որ կրթության վարչությունը վերակազմավորվելու է բաժնի, և չի բացառվում, որ Սողոմոնյանն այլ աշխատանքի կանցնի: Տեղեկացանք, որ այսօր արդեն Տարոն Մարգարյանը նոր պետ կնշանակի, որի անունն առայժմ գաղտնի է պահվում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։