«Ճաճոյի Էդոյի» որդու կինն ազատ է արձակվել. ամուսինը ատրճանակը պահել է կնոջ գլխին, սպառնացել սպանել. մանրամասներ
ՀՀ ՔԿ Լոռումարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտվ և լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա՝ նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, և արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Միաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները՝ քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ և նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: