«Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս, չեղավ, չեմ պատասխանելու». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանի տպավորությամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պատրաստ է համագործակցության ոչ միայն նախորդ դաշինքի շրջանակներում, այլև ավելի լայն և խորը ձևաչափով:
Սակայն հարցին, թե ինչ ձևաչափով է «Ժառանգություն» կուսակցությունը համագործակցելու Զարուհի Փոստանջյանի և մյուս նախկին ժառանգականների հետ, կուսակցության առաջնորդը պատասխանել է. «Մենք հայ ժողովրդին և հայոց աշխարհին տվել ենք Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, Ստեփան Սաֆարյան և շատ այլ հայտնի անուններ, որի համար շատ հպարտ ենք: Նույն կազմով չենք շարունակի, բայց մեր դպրոցը կա և շարունակելու է սպասարկել հայ ժողովրդի և հայոց պետականության շահերը»:
Կուսակցության ղեկավարի կողմից տեղեկատվական դադարի ռեժիմը խախտելուց հետո, հետաքրքիր էր, թե «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյա՞նն էլ է արդեն սկսել շփվել մամուլի ներկայացուցիչների հետ, թե դեռ քաղաքական արձակուրդում է:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից հետո նա «Փաստին» ասել էր, որ ինքը մամուլի հետ շփումների անժամկետ դադար է հայտարարել և առաջիկայում որևէ քաղաքական հարցի չի պատասխանելու, ուստի հետաքրքիր էր, թե արդյոք սպառվե՞լ է դադարի ժամկետը:
«Փաստի» հարցին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը կրկին հաստատեց, որ դեռ քաղաքական արձակուդը չի ավարտվել և դեռ չգիտի, թե այն որքան կձգվի: Հարցին, թե գուցե այդ լռությունը պայմանավորված է կուսակցությունը լքելու հետ, քաղաքական գործիչը պատասխանեց. «Կուսակցությունում եմ, կուսակցությունից դուրս չեմ եկել, մի շարք քայլեր կան կատարելու, որոնց մասին Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ներկայում ես զբաղվում եմ մանկավարժական գործով, ինչով որ արդեն 22 տարի է զբաղվում եմ»:
Դիտարկմանը, թե բուռն քաղաքական գործունեությունից հետո միայն մանկավարժական գործունեությամբ զբաղվելն արդյոք տխուր չէ՞, նա պատասխանեց. «Բացարձակ»:
Ու թեև Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի հետ զրույցում կիսվել էր «ՕՐՕ» դաշինքի ապագայի իր ներքին զգացողությունների մասին, սակայն Ա. Մարտիրոսյանը կտրուկ հրաժարվեց նաև այդ թեմայով որևէ տեսակետ հայտնել:
«Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս: Չեղավ, չեմ պատասխանելու: Ես ասել եմ, որ քաղաքական հարցերին չեմ պատասխանելու: Ես քաղաքական արձակուրդի մեջ եմ, իսկ երբ այն կավարտվի՝ չեմ կարող ասել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Ի դեպ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նաև տեղեկացրել էր, որ հունիսի վերջին կուսակցության համագումար է անցկացվելու և, ամենայն հավանականությամբ, մոտ մեկ ամիս անց և՛ Արմեն Մարտիրոսյանը կխոսի, և՛ պարզ կլինի, թե առաջիկայում դեպի ուր կլողա «Ժառանգության» «առագաստը»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: