Ուսուցչուհին իր գործընկերուհուն հրել է. վերջինս աստիճաններից գլորվել է ներքև և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 1 դպրոցում ուսուցիչների միջեւ ընդհարում է եղել: Դեպքը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ, երբ դպրոցի աստիճանների վրա երկու ուսուցչուհի, դեմ հանդիման են դուրս եկել:

«Փաստի» տվյալներով՝ ուսուցչուհիներից մեկը ճանապարհ չտալով մյուսին, այնպես է նրան հրել, որ մյուս ուսուցչուհին աստիճաններից գլորվելով գահավիժել է ներքեւ եւ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Տուժած ուսուցչուհուն տրվել է նաեւ դատաբժշկական փորձագիտական եզրակացություն, որտեղ նշված է, թե աստիճաններից ցած գլորվելու հետեւանքով ստացված վնասվածքներն ինչ բնույթի ու ծանրության են:

Այս ամենին ականատես են եղել ուսուցչական կազմի որոշ անդամներ եւ աշակերտներ, սակայն դպրոցի տնօրինության եւ ոստիկանության հետ գործ չունենալու համար բոլորն էլ խուսափում են այդ մասին խոսել:

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Այս պահին հետաքննություն է իրականացվում, բայց մեր տվյալներով դպրոցի ողջ ուսուցչական կազմը բաժանվել է երկու մասի: Մի մասը փորձում է մանրամասները պարտակել եւ հոգեբանական ճնշում գործադրել տուժած ուսուցչուհու վրա: Ուսուցչական կազմի մյուս մասը, ովքեր վատամարդ չդառնալու համար համեմատաբար չեզոք դիրք են գրավել, կարծում են, որ ագրեսիվ ուսուցչուհուն այնուամենայնիվ պետք է իր տեղը ցույց տալ եւ նաեւ հիշեցնել, թե իրականում մանկավարժի կոչում ունեցող անձն ինչպես պետք է իրեն պահի կրթական հաստատությունում, առավել եւս աշակերտների ներկայությամբ:

Ուսուցչական կազմի պասիվ ու ակտիվ դիրք գրաված անդամների միջեւ սկսված այս «բազարն» ինչով կավարտվի՝ ժամանակը ցույց կտա, բայց հետաքրքիր է, որ ազգի զավակներից՝ աշակերտներից ազգի հերոսներ կերտելու փոխարեն Արագածավանի թիվ 1 դպրոցում ուսուցիչների թեթեւ ձեռքով հնարավոր է՝սուտասաններ ու կեղծարարներ դաստիարակվեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս