Բաժիններ՝

APLOOPA-ի միջոցով հնարավոր է լուսանկարվել կովկասյան ընձառյուծի հետ

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) նախաձեռնությամբ հայտարարվել է «Նկարվիր ընձառյուծի հետ» խորագրով մրցույթ:

ARLOOPA հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի կենդանացնել և լուսանկարվել Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծի հետ Երևանի տարբեր կրթական և մարդաշատ վայրերում, ինչպիսիք են՝ Սիրահարների այգին, Բուսաբանական այգին, «Թումոյի» այգին, «Դալմա Գարդեն» Մոլը, «Գրին Բին» սրճարանը, Երևանի պետական համալսարանը:

Կովկասյան ընձառյուծի հետ կարելի է լուսանկարվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, UWC Դիլիջան քոլեջում, Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի այցելուների կենտրոնում (ք․ Եղեգնաձոր), ինչպես նաև «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» պետական արգելոցի թանգարանում: Կազմակերպիչները նշում են, որ նախագիծն ընդլայնելու է իր աշխարհագրությունը. շուտով լուսանկարվել հնարավոր կլինի Սյունիքի մարզի Արևիկ ազգային պարկում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել մի քանի քայլեր.

1․ Ներբեռնեք ARLOOPA հավելվածը,
2․ Պահեք սմարթֆոնը գետնին փակցված մարկերի վրա,
3․ Լուսանկարվեք ընձառյուծի հետ
4․ Մինչև ս.թ. հունիսի 16-ը լուսանկարները՝ կովկասյան ընձառյուծի վերաբերյալ որևէ հետաքրքիր փաստի հետ միասին, տեղադրեք ձեր ֆեյսբուքյան էջում

Լուսանկարները տեղադրելիս պարտադիր պայման է օգտագործել #LeoAlive և #WWFArmenia հեշթեգերը:

Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ հաղթող է ճանաչվելու յուրօրինակ լուսանկարը, որը կունենա հետաքրքրաշարժ փաստ ընձառյուծի մաիսն: Հաղթողն ընտրվելու է ժյուրիի կողմից։

Կազմակերպիչները, որպես գլխավոր մրցանակ, նախատեսել են լեռնային հեծանիվ:

Նախագծի հեղինակները նշում են, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի ավելի ուժեղացնել ընձառյուծի որսի կանխարգելումը և պահպանել հայկական այն կենդանատեսակներին, որոնք հաճախ են որսորդների զոհ դառնում: Նման կենդանատեսակներ են բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, այծյամը և այլն:

Կազմակերպիչները նշում են, որ ցանկանում են նման նախաձեռնությամբ միավորել մասնավոր և պետական սեկտորը, հասարակությունը և միջազգային կառույցները:

Նախագծի շրջանակներում ստեղծվել է WWF-Հայաստանի «Ընձառյուծի խնամակալների ցանցը»: Այս ցանցին է միացել X-Tech ընկերությունը, ում թողարկած ARLOOPA հավելվածի միջոցով էլ հնարավոր է նկարվել ընձառյուծի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս