ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվեց

ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի և 12-ից կդառնա 9-ը: Այս մասին նախագիծն այսօր 64 կողմ, 9 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց ԱԺ-ում: Ըստ Դոնթի բանաձևի` 6 հանձնաժողովները ղեկավարելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, մյուս 3-ի ղեկավար առաջադրում է ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը:

«Ելք» խմբակցության առաջարկած նախագիծը` թողնել 10 հանձնաժողովներ` պահպանելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, մերժվեց:

Այսպիսով` մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը միավորվեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ, որը կղեկավարի ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը, ֆինանսաբյուջետային հանձնաժողովը կնախագահի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշտոյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը։
«Ծառուկյան» խմբակցությանը բաժին հասավ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը` նախագահ Վարդան Բոստանջյան, և տարածքային կառավարման հանձնաժողովը` նախագահ Վարդևան Գրիգորյան:

Թե ինչո՞ւ է ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանի Հանրապետությունը որոշել պահպանել Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովը, Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ այս հարցում քաղաքական կոմպոնենտ կա` ԵՄ-ի հետ շուտով նախատեսվում է քաղաքական խորը համագործակցության համաձայնագրի ստորագրում:

Տեսանյութեր

Լրահոս