Քուրդ մարտիկները մարտեր են մղում Ռաքայի մատույցներում
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատները մոտեցել են Ռաքա քաղաքի արվարձաններին: Ինչպես հայտնել է Firat գործակալությունը, ՍԴՈւ-ի մեջ մտնող քուրդ աշխարհազորայինները եւ արաբական ցեղերի զինվորները ներկայում հյուսիսից ու արեւելքից համապատասխանաբար 4 եւ 2 կիլոմետր են հեռու Եփրատ գետի վրա գտնվող այդ նահանգային կենտրոնից, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր պատվարն է Սիրիայում։ Անցած 48 ժամվա ընթացքում ՍԴՈւ-ի ուժերը ԻՊ-ի ելուզակախմբերից ազատել են 18 գյուղ եւ 44 ֆերմա:
Ռաքայի շրջապատված շրջաններից խաղաղ բնակչության տարհանման համար ստեղծվել է անվտանգ միջանցք: Դրանից օգտվել են ավելի քան 4 հազար բնակիչներ, առավելապես կանայք ու երեխաներ: Նրանք բոլորն ուղարկվել են Այն Իսա քաղաքում փախստականների համար ստեղծված ճամբար:
ՍԴՈւ-ի ներկայացուցիչ Թալյալ Սիլլոն խոստովանել է, որ ռազմաճակատի արեւմտյան հատվածում հարձակումը, որն սկսվե է մայիսի 10-ին ազտագրված Թաբկայի կողմից, ավելի դանդաղ ընթանում, քան պլանավորվում էր: Այնտեղ ՍԴՈւ-ի ջոկատները գտնվում են Ռաքայից 23 կմ հեռավորության վրա: «Մենք կանցկացնենք ուժերի վերախմբավորում, որպեսզի Ռաքայի վրա գրոհենք միանգամից երեք կողմերից՝ հյուսիսից,
արեւմուտքից եւ արեւելքից միաժամանակ»,-նշել է Սիլլոն:
ՍԴՈւ-ին աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալցիայի ռազմաօդային ուժերը եւ հարեւան Իրաքից փոխադրված ամերիկյան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: