Քարաթափման հետևանքով երկկողմանի փակվել է Ալավերդի-Այրում ճանապարհը. տուժածներ չկան
Մայիսի 16-ին, ժամը 12:20-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (25 մ երկարությամբ, 1,7-3,3 մ լայնությամբ և 4,6 մ բարձրությամբ):
Ժամը 14:30-ի դրությամբ «Թումանյանի ՃՇՇՁ» ընկերության ուժերով ճանապարհի մի մասը մաքրվել է թափված քարերից՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը. ժամը 18:00-ին դադարեցվել են աշխատանքները, որոնք կվերսկսեն առավոտյան:
Տեղեկությունը փոխանցվել է «Թումանյանի ՃՇՇՁ» ընկերության գլխավոր ճարտարագետին, Հաղպատի գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: