Թրամփը բացատրել է Սպիտակ տանը Լավրովին տվյալներ հայտնելու որոշումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ լիակատար իրավունք ուներ Ռուսաստանին կարեւոր տեղեկատվություն հայտնելու վերջերս Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում։
«Որպես նախագահ ես ցանկանում էի Ռուսաստանին հայտնել փաստեր, որոնք վերաբերում են ահաբեկչությանը եւ ավիացիոն թռիչքների անվտանգությանը: Եվ ես ունեմ դրա լիակատար իրավունքը»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
«Դրա համար կան հումանիտար պատճառներ, գումարած այն, որ ես ցանկանում եմ, որ Ռուսաստանն զգալիորեն ակտիվանա ԻՊ-ի եւ ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Ինչպես պնդում է The Washington Post հրատարակությունը, Թրամփը մայիսի 10-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին գերգաղտնի տեղեկատվություն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ:
Թերթը, վկայակոչելով նախկին եւ գործող պաշտոնյաների, գրում է, որ տրամադրված տեղեկությունները հարվածի տակ են դրել ԻՊի մասին «հետախուզական տվյալների կարեւորագույն արտասահմանյան աղբյուրին», որը թույլ չէր տալիս այդ տեղեկատվությունը հաղորդել Ռուսաստանին: Նաեւ նշվում է, որ Թրամփն իբր Մոսկվային ավելի շատ տեղեկատվություն է հայտնել, քան իր դաշնակիցներին:
Ավելի ուշ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել է այդ հոդվածում շարադրված տեղեկությունները: Նա պնդում է, որ Լավրովի հետ Թրամփի հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում եղել են համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այդ երկխոսության ընթացքում խոսվել է կոնկրետ սպառնալիքների մասին, բայց կողմերը չեն քննարկել աղբյուրները, մեթոդները կամ մարտական գործողությունները»,-գրել է The Washington Examiner-ը:
Նաեւ հերքում է հետեւել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի կողմից: «Այն, ինչպես հրատարակությունը նկարագրում այդ պատմությունը, կեղծիք է»,-հայտարարել է պաշտոնյան:
Իր հերթին Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ: Նա այդ կերպ է արձագանքել The Washington Post-ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքներին, որտեղ պնդվում է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին եւ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին գերգաղտնի տեղեկատվություն հայտնել անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ:
«Տղանե՛ր, դուք կրկին ամերիկյան թերթեր եք կադացե՞լ: Չպետք է դրանք կարդալ: Դրանք կարելի է օգտագործել տարբեր կերպ, բայց կարդալ պետք չէ. վերջին ժամանակներս դա ոչ միայն վնասակար է, այլեւ վտանգավոր»,-գրել է դիվանագետը Facebook-ի իր էջում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: