Toyota-ն սկսել է ֆինանսավորել թռչող ավտոմոբիլի ստեղծման ծրագիրը
Ճապոնիայի Toyota ավտոհսկան շուրջ 350 հազար դոլար կտրամադրի մինչեւ 2019 թվականը Skydrive թռչող ավտոմոբիլի ստեղծման համար, ինչի մասին հաղորդել է The Nikkei Asian Review պորտալը։
Կորպորացիայի մի քանի աշխատակիցների անձնական նախագիծը 2012 թվականից ֆինանսավորվել է Համացանցով հանգանակված միջոցներով: Այժմ դրա հաջող իրագործման շանսերը մեծացել են:
Ստեղծողներն առաջարկել են շուրջ երեք մետր երկարությամբ եւ 1,3 մետր լայնությամբ մեկ տեղանոց եռանիվ ապարատի հայեցակարգը: Skydrive-ին օդ կբարձրացնեն չորս պտուտակավոր շարժիչները, որոնք գտնվում են հորիզոնական հարթության վրա, ինչպես քվադրոքոփթերի մոտ: Ապարատը կկարողանա ընթանալ ճանապարհներով եւ թռչել մինչեւ 10 մետր բարձրությամբ: Դրա առավելագույն արագությունը կկազմի ժամում մինչեւ 100 կիլոմետր:
Շնորհանդեսային տեսահոլովակում Skydrive-ը վայրէջք է կատարում Տոկիոյում Օլիմպիադա 2020-ի գլխավոր արենայի մոտ բացման արարողության ժամանակ, մտնում է մարզադաշտ եւ վերստին բարձրանում օդ, ինչից հետո այն վարող մարդը վառում է օլիմպիական կրակը: