«Այդ բաժանված գրիչները միայն Տարոն Մարգարյանի անվան դիմաց չեն պտիչկա դնում». Նիկոլ Փաշինյան
Այսօր 8/16 ընտրատեղամասում քվեարկելուց հետո «Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինչ-որ ահազանգեր կան՝ խախտումների վերաբերյալ, որոնք նախորդ երեք օրերին իրենց բացահայտումների շրջանակներում են. «Գիտեք, որ ընտրակաշառքի համատարած բաժանման խնդիր ունենք, և դա արդեն կայացած և ապացուցված փաստ է։ Ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիները, և մենք հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն այդ ընտրակաշառքային հուսահատությունը»։
Փաշինյանը նշեց, որ իրենց հույսը չեն դնում ԿԸՀ-ի կամ որևէ այլ մարմնի վրա, այլ կփորձեն իրենց ուժերի ներածին չափով այդ գործերին հետևողական լինել, որ դրանք համապատասխան ընթացք ստանան. «Մեր վերին ատյանը ժողովուրդն է, և նա պետք է այս դատում դատավոր կանգնի։ Մեր ակնկալիքն այն է, որ հաղթենք ընտրություններում, և ինձ համար ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի՝ ՀՀԿ-ն որևէ շանս չի կարող ունենալ ոչ միայն այս, այլև այլ ընտրություններում։ Խորհրդարանական ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ ընտրակաշառքով կարողանում են մարդկանց ուղղորդել՝ իրենց օգտին քվեարկելու»։
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներն ընդունելուն, նա ասաց, որ, եթե տեղամասերում այս մթնոլորտը շարունակվի, քվեատուփերը բացելուց հետո ինչ արդյունք եղավ՝ արձանագրելու են և ի գիտություն են ընդունելու.
«Եթե լցոնումներ չկան, քվեաթերթիկների գողություններ չկան, տեղամասերում բռնություններ չկան, եթե մարդն իր ննջարանում կամ բաղնիքում ստացել է գումար և որոշում է գնալ-քվեարկել, ինքը՝ իր ընտրությունը։ Ես չեմ կարող խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի Սերժ Սարգսյանի և ընտրակաշառք վերցնող քաղաքացու իդիլիան որևէ ձևով խախտեմ, բայց մյուս կողմից՝ մենք պայքարելու ենք, որ այդ քաղաքացուն բերենք այլ գաղափարական դաշտ, նաև՝ փորձել նրա հոգսը հասկանալ»։
Հարցին՝ այսինքն՝ եթե համարի, որ ընտրակաշառքով են քվեարկել, և ՀՀԿ-ն հաղթել է, կընդունի՞ այդ արդյունքները, նա այսպես պատասխանեց. «Ինչ ձայն մեզ տրվել է, մեզ տրված որևէ ձայն չենք թողնելու ուղղակի գնա-կորի։ Այսինքն՝ այդպիսի սցենար մեզ համար չկա, որ մենք մանդատները չվերցնենք, նկատի ունեմ՝ ավագանու մեր թեկնածուները, եթե ընտրությունների ֆոնին որևէ արտառոց բան տեղի չունենա։ Մեր տրամադրվածությունն այն է, որ մենք գիտենք, որ քաղաքացին կարող է քվեարկել՝ ինչպես… հիմա ասում են, որ գրիչներ են բաժանում, այդ գրիչը միայն Տարոն Մարգարյանի անվան դիմաց չի պտիչկա դնում, բոլոր տեղերում կարող է դնել։ Ես ավագանու թեկնածու չեմ, քաղաքապետի թեկնածու եմ. կա՛մ ընտրվում եմ Երևանի քաղաքապետ, կա՛մ չեմ ընտրվում»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ տարբերություն կա՞ այս ընտրությունների և ապրիլյան ընտրությունների միջև՝ կաշառքների առումով։ «Այո, ապացույցները. հիմա կոնկրետ ապացույցներ ունենք։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ մեզ զանգում էին, ասում էին, բայց հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել։ Հիմա ունենք վկաներ, փաստեր, տեսագրություն, այսինքն՝ ապացուցողական բազան այս անգամ ավելի շատ է»։
Նա նշեց, որ հիմա ոչ միայն ընտրակաշառքի ապացույց ունեն, այլև ունեն ապացույց, որ Ոստիկանությունը՝ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ և Սերժ Սարգսյանի հրահանգով՝ մասնակցում է այդ ընտրակաշառքի պրոցեսին. «Մենք գտանք Ոստիկանության ցուցակները, այսինքն՝ եթե մեր ներկայացուցչին փորձել էին մեկուսացնել, ամեն դեպքում այդ գողությունն արձանագրվեց»։
«Ընտրությունների արդյունքները կտեսնենք, ընդհանուր պատկերը կամփոփենք և կանենք մեր արձանագրումը։ Եթե պարամետրերը նույնն են, ինչ խորհրդարանական ընտրություններում, մեր դիրքորոշումն էլ նույնը կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց 15 հազար դրամների նախաձեռնությունն էլ ցայտնոտի մեջ գցեց ՀՀԿ-ին, և կարողացան ապացույցներ ձեռք բերել։
«15 հազարի նախաձեռնությունն այս մի արդյունքը գոնե տվեց։ Մենք քիչ անդամ չենք կարող ունենալ ավագանիում, և հույս ունեմ՝ մեծամասնություն կկազմենք»,- եզրափակեց Փաշինյանը։