«Ադրբեջան պետություն չի եղել մինչև 1918 թվականը». ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև տեղի հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել: Այս մասին գրում է «Moderator.az»-ը:
«Ես ընդամենը մեկ փաստ գիտեմ, որ Ադրբեջան անունով պետություն առաջին անգամ ստեղծվել է միայն 1918 թվականին: Ես այս մասին ասել եմ նաև հեռուստատեսությամբ: Այսօրվա Ադրբեջանն էլ այդ պետության ժառանգորդն է»,-պնդում է պատգամավորը՝ հավելելով՝ եթե առարկող կա, ապա թող որևէ օրինակ բերի ու փորձի համոզել:
«Ով ասես մտացածին պատմություն ու կեղծ հերոսություն է ստեղծում Ադրբեջանում, իսկ մենք պետք է մեր ժողովրդին ճշմարտությունն ասենք: Թող ոմանք դա ռևիզիոնիզմ կամ թշնամանք անվանեն, միևնույն է»,- ասել է նա:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ իր կողմից արված հայտարարությանը հակափաստարկներ չեն հնչել, և առարկողներ չեն եղել: