Հայ դիզայները ներկայացնում է «Թիֆանի» տեխնիկայով և Հայկական լեռնաշխարհի բնական քարերով պատրաստված զարդերի իր հավաքածուն
«Մերիդիան» Էքսպո կենտրոնում անցկացվող «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքին իր աշխատանքներն է ներկայացնում դիզայներ Լիլիթ Ավետյանը։
«Իմ զարդերը պատրաստված են «Թիֆանի» տեխնիկայով, այսինքն՝ մի քանի մետաղների միաձուլումով, որոնց հետ օգտագործում եմ նաև բնական քարեր՝ Հայկական լեռնաշխարհից։ Հիմնականում օգտագործում եմ չմշակված օբսիդիանը՝ իր ամբողջ բնական գեղեցկությամբ։ Օգտագործում եմ ոչ թե սև, այլ արծաթագույն և շագանակագույն օբսիդիանը՝ իր բնական տեսքով, որը սինթեզում եմ տարբեր կիսաթանկարժեք քարերի, ապակիների և խեցիների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դիզայները՝ նշելով, որ ցուցահանդեսին ներկայացված են իր պատրաստած մատանիները, վզնոցները, թևնոցներն ու ականջօղերը։
Նա նշեց, որ իր պատրաստած զարդերը պահանջարկ ունեն Հայաստանում և արտերկրում. «Պահանջարկը հիմնականում ԱՄՆ-ից է, բայց ունեմ գնորդներ նաև Եվրոպայից և Աստրալիայից»։
Լիլիթ Ավետյանի աշխատանքները կարելի է ձեռք բերել «Գաֆէսճեան» արվեստի թանգարանի առաջին հարկից, և «Տաշիր պլազայի» «Արտադրված է Հայաստանում» սրահից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում