Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավոր կարող են զրկվել անձեռնմխելիությունից
Թուրքիայի Վան նահանգի գլխավոր դատախազությունը պատրաստել է մեղադրական նոր զեկույց, որում պահանջում է զրկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Բեդիա Օզգյոքչե Էրթանին և Դիրայեթ Թաշդեմիրին պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին հայտնում է թուրքական Diken
լրատվամիջոցը:
Դատախազությունը նրանց մեղադրում է Վանում տարբեր միջոցառումների ժամանակ ունեցած ելույթներում «հանցանքն ու հանցագործին գովաբանելու», «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու» մեջ:
Պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու նպատակով մեղադրականն ուղարկվել է արդարադատության նախարարություն, որտեղից էլ այն պետք է ներկայացվի մեջլիսի նախագահությանը:
Ներկայում կալանքի տակ է քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: