Գեներալը 100-ավոր տոննաներով օբսիդիան է «յուրացնում» առանց թույլտվության. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով` «Արթվան» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի գեներալ քեռուն` Գրիշա Հարությունյանին, անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով սև, թափանցիկ օբսիդիան է տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավանի օբսիդիանի հանքերից:
«Բանն այն է, որ այդ ՍՊԸ–ին Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով այս տարվա հունվարի 20-ին թույլատրվել է երկրաբանական ուսումնասիրությունների իրավունք` երկու տարով:
Ապրիլի 6-ին ուսումնասիրությունների իրավունք տվել է նաև Արագածավանի ավագանին: Բայց ոչ ոք ընդերքօգտագործման իրավունք չի տվել: Սակայն գեներալն արդեն ամբողջ այդ լեռը քանդել ու օբսիդիանը հարյուրավոր տոննաներով տեղափոխում է Երևան և պահեստավորում:
Չինական երկու հզոր գործարաններ այդ օբսիդիանի մեծ կարիք ունեն: Սակայն դա չի նշանակում, որ առանց օրենքի թույլտվության նման անարխիա գործի երկրում: Պատկան մարմնի պատկան պաշտոնյայի խոսքով` գեներալի դեմ խաղ չկա:
«Փաստի» տվյալներով` ապրիլին այս ՍՊԸ-ն 140 տոննա օբսիդիան է արտահանել Չինաստան, 100 տոննա էլ` մայիսին: Ի՞նչ իրավունք, ի՞նչ բան:
«Տոննաներով կրում են ու կրում, նրանք արտոնյալ են, նրանց դեմ խաղ չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Փաստորեն երկու-երեք տարի ուսումնասիրելու փոխարեն մեկ-երկու ամսում հանքն օգտագործում են և դեռ 240 տոննա էլ արտահանում Չինաստան:
«Փաստի» առաջիկա համարներից մեկում առավել մանրամասն կանդրադառնանք այս ապօրինությանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: