Տեսողական խնդիրը որ դեպքում կարող է վարորդական վկայականից զրկվելու հիմք ծառայել. պարզաբանում. Dialogue.am
Վարորդներին հուզող տարաբնույթ հարցեր շարունակում են մնալ Dialogue.am-ի ուշադրության կենտրոնում: Վարորդական վկայականների մասին հրապարակումներին հաջորդեցին հարցեր, որոնք վերաբերում էին հիմնականում տեսողության խնդիրներին՝ դրանով պայմանավորված վարորդական վկայական ստանալու իրավունքին:
Խմբավորելով ընթերցողների հարցերը՝ այս հրապարկման մեջ կներկայացնենք, թե առողջական խնդիրների և մասնավորապես տեսողական խնդիրների դեպքում, որոնք են ավտովարորդների իրավունքները:
Ընթերցողների հարցերին պատասխանել է փաստաբան Դավիթ Ասատրյանը:
-Դավիթ, խնդրում եմ նշեք, թե տեսողական ի՞նչպիսի խնդիրների դեպքում է իրավասու ՃՈ-ն մերժել քաղաքացուն՝ վարորդական վկայական տրամադրելիս:
– «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է այն դեպքերը, երբ արգելվում է տրանսպորտային միջոցով երթևեկությունը։ Դրանցից է օրինակ այն դեպքը, երբ բացակայում է վարորդի աչքը։
Եթե օրինակ վարորդի մոտ առկա է օերնքով սահմանված հիմքերից մեկը, ապա Քննական մարմինները վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացուն գրավոր ուղեգրով ուղարկում են պոլիկլինիկական բժշկական հաստատություն` հայտնաբերված հիմքի կապակցությամբ բժշկական հավատարմագրում իրականացնելու համար (ՀՀ Կառավարության 1158-Ն որոշում. 2008թ.):
Պիտանիության հարցը որոշելիս` բժշկական հանձնաժողովն առաջնորդվում է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդությունների ցանկով, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց։
Հիվանդություններ, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց
- Աչքի բացակայություն
- Վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն
- Դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, որոնք սահմանափակում են շարժումները
- Ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:
– Մեր ընթերցողներից մեկի հարցն առնչվում է տարիքի հետ հեռատեսության խնդրին, կարո՞ղ է սա պատճառ հանդիսանալ, որ նրան չտրամադրեն վարորդական վկայական: Կա՞ հեռատեսության և կարճատեսության թույլատրելի շեմ, որի գերազանցման դեպքում քաղաքացուն իրավասու են մերժել ու չտրամադրել վկայական:
-Ինչպես նշեցի, բժշկական հանձնաժողովը իրավասու է առաջնորդվել համապատասխան որոշմամբ հաստատված կարգով, որտեղ տարիքային հեռատեսությունը, ինչպես նաև հեռատեսության և կարճատեսության վերաբերյալ կանոններ նախատեսված չեն։
Նախկին իրավակարգավորման ժամանակ, երբ գործում էր ՀՀ Կառավարության 581-Ն որոշումը (ուժը կորցրել է 17.11.2012թ) վարորդական իրավունք չէր տրամադրվում, եթե առկա էր տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ, ցանցաթաղանթի շերտազատում, տեսողությանը խանգարող կամ ակնագնդի շարժումները խիստ սահմանափակող` կոպերի մկանների պարեզ, արցունքապարկի կոնսերվատիվ եղանակով չբուժվող քրոնիկ բորբոքում, արցունքապարկի խուղակ, չընդհատվող արցունքահոսություն, կայուն դիպլոպիա` շլության հետևանքով, գունազգայության խանգարումներ, տեսողական նյարդի ապաճում։ Տեսողության նվազում՝ կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի անոմալիայի կամ այլ պատճառների տեսողություն լավ աչքում` ուղղմամբ (կորեկցիա)` 0.8-ից ցածր, վատ աչքում` 0.4-ից ցածր-ի դեպքում նույնպես վարորդական իրավունք չպետք է տրամադրվեր։
Չի բացառվում, որ գործնականում վերոգրյալ իրավական նորմը քննարկման առարկա է դառնում բժշկական հանձնաժողովում։
Պետք է նաև արձանագրել, որ ոլորտը թերի է կարգավորված և առկա է հանրային շահ գործոնը, որպեսզի այն անձինք, ովքեր ունեն տեսողության հետ կապված խնդիրներ, որոնք կխոչընդոտեն տրանսպորտային միջոցի անվտանգ վարումը, իրավունք չունենան վարել տրանսպորտային միջոց։ Պետք է արձանագրել, որ տրանսպորտային միջոցները առավել վտանգի աղբյուր են և պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ոլորտին։
-Եթե վարորդը բժշկական հանձնաժողովի ընդունած որոշման հետ այնուամենայնիվ համաձայն չէքաղաքացին, առավել ևս, որ կան թերի կարգավորում ունեցող կետեր,ուրեմն ու՞մ կարող է դիմել քաղաքացին այդ դեպքում:
– Այս դեպքում վարորդը կարող է խնդրել կրկնակի հետազոտություն կատարել այլ հաստատությունում՝ ընդ որում անպայման նեղ մասնագիտացված կաբինետներում: Նշեմ նաև, որ նա դատական կարգով կարող է վիճարկել բժշկական հավատարմագրման արդյունքում ընդունված վարչական ակտը:
Այսինքն՝ այդ հանձնաժողովը եթե որոշեց որ ոչ, անձը չի կարող վարել տրանսպորտային միջոց, դրա հիման վրա ոստիկանության մերժում վարչական ակտը կարող է բողոքարկել դատական կարգով:
Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
www.dialogue.am