«Չեմ ուզում նույնականացվել երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցների հետ». Արարատ Զուրաբյան

168.am-ի հարցին պատասխանում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը

Պարոն Զուրաբյան, Դուք այն 12 թեկնածուների շարքում էիք, ովքեր ԿԸՀում հետ վերցրեցին ինքնաբացարկի դիմումները։ Այդ թեկնածուների մի մասը պնդում էր, որ իրենք ինքնաբացարկի որևէ դիմում չեն ստորագրել։ ԿԸՀում Դուք որևէ մեկնաբանությամբ հանդես չեկաք։ Ի՞նչ է տեղի ունեցել «Ծառուկյան» դաշինքում իրականում, այդ թվում նաև Ձեր պարագայում։

– Ի թիվս այլոց ես ներկա եմ եղել, երբ «Ծառուկյան» դաշինքում նոտարի ներկայությամբ այլ փաստաթղթերի հետ միասին կազմվում էր նաև ինքնաբացարկի դիմումը։ Բոլոր ներկաները, առանց բացառության, քաջ գիտակցելով, թե ինչ են ստորագրում, ստորագրել են ինքնաբացարկի դիմումները և կատարել համապատասխան նոտարական գրառումներ։ Ինքնաբացարկի դիմումները կազմվել են մեկ նպատակով. որպեսզի պատգամավորության յուրաքանչյուր թեկնածու իր առավելագույն ջանքերը գործադրի՝ հնարավորինս շատ ձայներ ստանալու համար։

Ընդ որում, ռեյտինգային թեկնածուները, ովքեր ստորագրել են այդ դիմումները, «Ծառուկյան» դաշինքի ղեկավարության հետ ունեցել են հստակ պայմանավորվածություն, որով իրենք հանձն են առել անհատապես ձայների որոշակի քանակ ապահովել։ Հակառակ դեպքում, պայմանավորված քանակով ձայներ չստանալու պարագայում, նրանք պարտավորվել են հրաժարվել պատգամավորական մանդատից և մանդատի տրամադրման որոշումը վերապահել «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությանը։

Կարդացեք նաև

Անկեղծ ասած, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ լսելով որոշ թեկնածուների արտահայտություններն առ այն, որ իրենք ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել, խիստ զարմացա։ Դա, մեղմ ասած, տարակուսելի էր, քանզի գոնե ես տեղյակ էի, որ այդ մարդիկ գոնե իրենց հոգու խորքում գիտակցում են, որ մեղանչում են ճշմարտության դեմ։ Այդ պատճառով ես չպատասխանեցի լրագրողների հարցերին՝ իրավիճակն ամբողջությամբ վերլուծելու և կատարվածը լիարժեք հասկանալու համար։

Ինչ վերաբերում է անձամբ իմ պարագային, ապա ես որևէ պայմանավորվածություն չեմ ունեցել, որևէ պարտավորություն չեմ ստանձնել՝ ինչ-որ քանակի ձայն հավաքելու վերաբերյալ։ Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախագահ՝ ես «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել եմ բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունքում, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրումը ածանցվել է նշածս քաղաքական պայմանավորվածությունից՝ չհանդիսանալով նախապայման ապագա որևէ զարգացման համար։

Ինչ վերաբերում է ինքնաբացարկի դիմումը ստորագրելուն, ես այն ի սկզբանե դիտարկել եմ որպես տեխնիկական փաստաթուղթ և ստորագրել եմ իմ նախաձեռնությամբ: Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ես որոշում կայացրեցի հրաժարվել պատգամավորական մանդատից: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եզրափակիչ նիստին նախորդող երեկոյան Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման արդյունքում քաղաքական որոշում կայացվեց, որ ես, ի թիվս մի քանի այլ պատգամավորության թեկնածուների, պետք է հետ վերցնեմ ինքնաբացարկի դիմումը և ստանամ պատգամավորական մանդատ:

Ամեն ինչ կարելի էր նորմալ համարել, եթե ԿԸՀ-ում չհանդիպեի մի քանի  թեկնածուների, ովքեր՝ ստորագրած լինելով ինքնաբացարկի դիմումները և ստանձնած լինելով որոշակի քանակի ձայներ ապահովելու պարտավորություն, քաջ գիտակցելով, որ չեն կատարել այն, չհայտարարեին, թե իրենք դիմումներ չեն ստորագրել։ Կարծում եմ, որ՝ լինելով Գագիկ Ծառուկյանի թիմակիցներ, բոլոր այդ մարդիկ խախտել են մարդկային պարկեշտության նորմերը այն մարդու հանդեպ, ով բացի այն, որ մշատպես բոլոր առումներով աջակցել է նրանց, նաև նրանց քաղաքական թիմի ղեկավարն է։  Ի տարբերություն նրանց, Գագիկ Ծառուկյանը և ես ավելի քան 20 տարվա ընկերներ ենք, իսկ կոնկրետ ընտրական գործընթացում հարաբերվել ենք բացառապես քաղաքական համագործակցության տրամաբանության շրջանակներում։

Միևնույն ժամանակ ինքնաբացարկների դիմումներից հրաժարվելու այս շքերթը, որը լայն արձագանք ստացավ քաղաքական շրջանակներում և մամուլում ու շատերի կողմից իրավացիորեն դիտարկվեց որպես ուղղորդված գործընթաց, իմ մեջ առաջացրել է լրջագույն հիասթափություն։

Անկախ ամեն ինչից գործ ունենք տղամարդկային խոսքի ու խոստումի դրժման, արժանապատվությունը մանդատի հետ փոխանակելու ցածր ու անբարո գործելակերպի, այդպիսով նաև պատգամավորի պատիվը արատավորելու անընդունելի փաստի հետ: Ինչպես կարող են պատգամավոր դառնալ մարդիկ, ովքեր ոչ միայն քաղաքական պայմանավորվածություն, այլ տղամարդու խոսք պահելու ունակ չեն: Նման ցածր ու տղամարդուն ոչ վայել պահվածքով մարդիկ ոչ միայն չեն կարող, այլև բարոյական իրավունք չունեն  որոշումներ կայացնել երկրի ու ժողովրդի ճակատագրի վերաբերյալ: Ի վերջո, բացի քաղաքական հարաբերություններից կա մարդկային ճշմարիտ վարքագիծ, որի սահմանը անցնողները չպետք է տեղ ունենան խորհրդարանում:

Ուստի՝ չցանկանալով նույնականացվել երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցների, մարդկային այդ ճղճիմ տեսակի հետ, ես որոշում եմ կայացրել Ազգային Ժողովի անդրանիկ նիստում հայտարարել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին։ Համոզված եմ, որ թե՛ իմ կենսագրությամբ, թե՛ անցած ճանապարհով կայացրել եմ այս իրավիճակին համարժեք որոշում։ Միաժամանակ հաջողություն եմ մաղթում «Ծառուկյան» դաշինքի բոլոր արժանապատիվ ներկայացուցիչներին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իրենց հետագա քաղաքական գործունեության ընթացքում։

 

Տեսանյութեր

Լրահոս