ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից պահանջում է մասնակցել ԻՊ-ի դեմ կոալիցիայի գործողությանը. Spiegel
ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ին մասնակից դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողությանը: Այդ մասին հայտնել է Der Spiegel հանդեսը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարության աղբյուրներ:
ՆԱՏՕ-ի կազմակերպական կառույցներում հրատարակության զրուցակիցները նշում են, որ ամերիկյան վարչակազմի կողմից նման պահանջը քննարկվում է այդ թվում՝ մայիսի 25-ին Բրյուսելում դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում:
Հանդեսի տվյալներով՝ ԳՖՀ-ի կառավարությունը թերահավատորեն է վերաբերվում ամերիկացիների նախաձեռնությանը, քանի որ դաշինքի ներգրավումը կարող է սրել տարածաշրջանի իրադրությունը կամ բարդացնել հակամարտությունների կարգավորման առանց այդ էլ ոչ դյուրին գործընթացը:
Ներկայում Իրաքում եւ Սիրիայում միջազգային կոալիցիայի հակաահաբեկչական գործողությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի առանձին երկրներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։