Բաժիններ՝

«Հայ զինվոր, դու հոգնում ես, որ մենք հանգստություն վայելենք». սփյուռքահայ աշակերտների նամակները՝ հայ զինվորին

Սփյուռքի տարբեր գաղթօջախների հայկական դպրոցների աշակերտներ նամակներ են հղել հայ զինվորին։ Այդ նամակներում նրանք իրենց սրտառուչ ցանկություններն են հայտնում սահմանին կանգնած զինվորներին, նկարագրում իրենց պատկերացումները հայրենասիրության, հայրենի սահմաններն անառիկ պահելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ծրագիրը նախաձեռնել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» խորագրով ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից. հաջորդ փուլերում նախատեսված են այցելություններ Հայաստանի և Արցախի զորամասեր, մարդասիրական աջակցություն կցուցաբերվի զինվորներին, հանդիպումներ տեղի կունենան դպրոցներում, բուհերում, որտեղ մասնագիտական կողմնորոշման համատեքստում կխոսվի զինվորականի մասնագիտության մասին, հանդիպումներ կլինեն քառօրյա պատերազմի հերոսների հետ։

Նշենք, որ նամակներ ստացվել են ԱՄՆ Արևմտյան շրջանի Ֆերահյան ազգային վարժարանի, ԱՄՆ Արևելյան շրջանի Հովնանյան հայկական, Քուվեյթի ազգային, Լիբանանի Համազգայինի Մելքոնյան վարժարանների, Լիբանանի Հայկ Արսլանյան ճեմարանի, Կանադայի Տորոնտո քաղաքի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի, Հալեպի «Զավարյան» վարժարանի, Հալեպի Ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի, Սիրիայի Ազգային միացյալ վարժարանի, Կանադայի ՀՕՄ-ի Քեմպրիճի «Մեղրի» մասնաճյուղի «Մեսրոպ Թիթիզյան» շաբաթօրյա,  Կանադայի ՀՕՄ-ի Վանկուվերի «Արազ» շաբաթօրյա վարժարանների, Կանադ այի Սուրբ Հակոբ Ազգային վարժարանի «Սարաֆեան» նախակրթարանի, Կանադայի ՀՕՄ-ի Համիլթոնի «Արև» դպրոցի, Ավստրալիայի Համազգայինի Սիդնեյի «Թարգմանչաց» շաբաթօրյա վարժարանի աշակերտներից։

Հալեպի Ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի սան Սեմ Պարմաքզյանը նամակում նշում է, որ փափագում է՝ երբ մեծանա, այսօրվա զինվորի նման պաշտպան դառնա՝ անառիկ պահելով Հայաստանն ու Ղարաբաղը։

Նույն կրթօջախից Սարին Պերթիզլյանի համար զինվորն ապահովության զգացում է. «Հայ զինվոր, դու հոգնում ես, որ մենք հանգստություն վայելենք։ Բարոյական պարտականություն է քեզ հիշելը։ Քեզնից սովորում ենք հայրենասեր լինել, ազատության արժեքն իմանալ և հայությամբ պարծենալ։ Ցանկանում եմ՝ մի օր անձամբ տեսնել քեզ քո մարտական գործողությունների ընթացքում։ Այդ պահը նվիրական է ինձ համար, ուժ ստանալու առիթ»։

Մարինա Մանուկյանն էլ իր նամակում պատմում է, որ մեր նահատակ զինվորներին ինքը փորձում է փնտրել մեր օրերի մարդկանց մեջ, տեսնել նրանց հայացքը, աչքերը, հագուստը։ Ի դեպ, «Քարեն Եփփե» ճեմարանի սաների հայոց լեզվի ուսուցչուհին Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից Մարիա Գաբրիելյանն է, ով իր նվիրական աշխատանքով երեխաներին է փոխանցում հայրենիքի շունչը։

Առաջիկայում ստացված նամակները կփոխանցվեն հասցեատերերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս