«Գիտեինք, որ պիտի գա Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու օրը»․ Ավետիսյանների հարազատ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ մամուլում բուռն քննարկումներ են ընթանում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին գազանաբար ոչնչացրած Վալերի Պերմյակովին ՌԴ տեղափոխելու խոսակցությունների շուրջ։ Ի դեպ, այս մասին հաղորդում է նաև «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հայաստանի արդարադատության նախարարությանը, որը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը փոխելու հարցը: Ավետիսյանների փեսան՝ Արթուր Կոշտոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա իրենց համար անակնկալ չէր, քանի որ ի սկզբանե Պերմյակովը հանձնված չի եղել հայկական կողմին։

«Մենք ի սկզբանե դեմ ենք եղել, որ նա մնար ռուսների հսկողության տակ, ու օրը գար հասներ, որ իրեն տեղափոխեին Ռուսաստան։

Սա ի սկզբանե կանխատեսելի էր, որովհետև Պերմյակովն ի սկզբանե իրենց հսկողության տակ էր․․․

Եթե հիշում եք, մենք, դեմ լինելով, բողոքի ակցիաներ անցկացրեցինք, որ դատավարությունը ռազմաբազայի ներսում չկայանա, մեր դատարանի դահլիճում կայանար, սակայն արդյունքի չհասանք։ Հիմա, քանի որ մեր դատական ատյանները սպառված են, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ, այսինքն` մեր բողոքները մերժեցին, բնականաբար օրենքի ուժ է ստացել ու հասունացել է պահը, որ իրեն պիտի տեղափոխեն։

Մենք, բնականաբար, դեմ ենք սրան, հեչ մարդ չգիտի, որ տեղափոխեցին Ռուսաստան արդյոք կնստի՞ ճաղերի հետևում ու իրեն հասանելիք պատիժը կկրի՞, թե՞ ազատ կարձակեն։ Մեր անելիք քայլն այն է, որ մենք բողոքարկելու ենք մինչև Եվրադատարան, ուրիշ հնարավոր անելիքներ չունենք»,-ասաց Արթուր Կոշտոյանը։

Վերջինս ասաց, որ այդպես էլ պարզ չդարձավ անմեղ ընտանիքին բնաջնջելու պատճառը։

«Եթե դատավարության նիստերի ընթացքին հետևել եք, ահագին միջնորդություններ մեր փաստաբանները փորձեցին անել, որպեսզի քննություն անցկացնեն մեզ անհասկանալի մնացած փաստերի առումով, մերժում ստացանք դատավորի կողմից․ որ փաստի ուղղությամբ որ ուզում էին քննություն տանել, քննությունը տարան իրենց ձևով։ Դատավարությունը կայացրեցին, դատավճիռը կայացրեցին, էդպես էլ շատ-շատ փաստեր մութ մնացին մեզ, ուրիշ հնարավոր տարբերակներ էլ մենք չունեինք»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս