Փոփոխություններ «Զվարթնոց» օդանավակայանում. ուղևորներն ազատվելու են ավելորդ թղթաբանությունից
«Նախորդ տարին ուղևորահոսքի աճի իմաստով բավականին տպավորիչ ցուցանիշով ավարտվեց, մենք ունեցանք պատմական պիկ, այս տարվա դինամիկան ևս շարունակվում է նման ձևով։ Մենք ունենք շատ լավ ցուցանիշներ. 2016թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ՝ 2017թ. հունվար-ապրիլ ամիսներին գրանցված ուղևորահոսքը «Զվարթնոց» և «Շիրակ» օադանավակայաններում ունեցել է 28.3% աճ՝ 668 589 ուղևոր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ դեպի Հայաստան ամսական թռիչքներ է իրականացնում 26 ավիաընկերություն, օրական իրականացվում է միջինը 25-30 թռիչք։
Ս. Ավետիսյանը հիշեցրեց, որ այս տարվա փետրվարի 23-ից ՌԴ քաղաքացիներն իրավունք ստացան ներքին անձնագրերով այցելել Հայաստան, և ընդգծեց, որ այդ օրվանից ՀՀ է ժամանել շուրջ 7 հազար ՌԴ քաղաքացի։
«Հաջորդ դրական բանը Նովրուզ տոնի ընթացքում Իրանից ժամանած զբոսաշրջիկների քանակն էր, որը շուրջ երկու անգամ ավելի էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարի այդ 2.5 շաբաթվա ընթացքում Հայաստան է այցելել շուրջ 8 հազար Իրանի քաղաքացի, և ունեցել ենք շուրջ 80 չվերթ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին քննարկումներ են իրականացվում իրանական որոշ ավիաընկերությունների հետ՝ Թեհրանից Գյումրի չվերթեր իրականացնելու հարցով։
Ինչ վերաբերում է հայկական ավիափոխադրողներին, նա նշեց, որ «Տարոն-Ավիա» ընկերությունն ապրիլի 25-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից սկսել է իրականացնել թռիչքներ՝ Կրասնոդար, Սամարա և Դոնի Ռոստով ուղղություններով. «Սա հերթական քայլերից էր, որ ապացուցեց՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանն ունի մեծ պոտենցիալ։ Կարծում եմ, որ ավիաընկերությունը կգտնի իր տեղը մեր շուկայում և արտասահմանում՝ բերելով զբոսաշրջիկներ դեպի մեր երկիր, և մասնավորապես՝ Գյումրի քաղաք»։
«Արմենիա» ավիաընկերությունը, նրա խոսքով՝ թռիչքներ է իրականացնում դեպի Բեյրութ, Միներալնիե Վոդի, Վորոնեժ. «Մայիսի 17-ից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Իսրայել»։
Ս. Ավետիսյանն անդրադարձավ նաև «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման հետ կապված փոփոխություններին. «Այն քաղաքացիները, որոնք օգտվում են երկրի վիզա տեղում ստանալու ռեժիմից՝ ազատվելու են ավելորդ թղթաբանությունից։ Մասնավորապես, այն հերթերը, որոնք գոյանում են օդանավակայանում համապատասխան հարցաթերթիկը լրացնելու համար, այլևս չեն լինի, քանի որ հարցաթերթիկը հանվում է ու մաքսիմալ կհեշտացվի այդ քաղաքացիների մուտքը մեր երկիր։ Դա ևս շատ դրական կանդրադառնա մեր երկրի զբոսաշրջային իմիջին»։