Բաժիններ՝

«Ուզում էր, որ րոպե առաջ իր մոտ լինենք». այսօր Արցախում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է

2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան։ Մայիսի 1-ին Անդրանիկի ծննդյան օրն է։

Անդրանիկը ծառայել է Արցախում՝ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտում` որպես ՊԿ գնդացրորդ: Ապրիլի 1-ի լույսի 2-ի գիշերը զոհվել է իր ընկերների` Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ նույն դիրքում` մի քանի ժամ կռվելով: Անդրանիկը սովորել է Վեդիի դպրոցում, ավարտել քոլեջի էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը: Անցել է դասընթացներ՝ ստանալով խոհարարի որակավորում: 2014թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին ու զորակոչվել բանակ:

Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Անդրանիկը սիրում էր ծննդյան օրերը նշել մտերիմների, հարազատների նեղ շրջանում. «Անդրանիկն ընդհանրապես չէր սիրում մեծ հավաքներ, խնջույքներ։ Իրեն այդպես էր դուր գալիս՝ լինել հարազատ, շատ մոտ մարդկանց շրջապատում»։

2015թ. մայիսի 1-ին ընտանիքը եղել է Արցախում, որդու ծննդյան օրը նրա հետ անցկացրել։ «2014թ. զորակոչվեց բանակ։ 2015թ. արդեն մեկ տարվա ծառայող էր։ Մայիսի 1-ին իր մոտ ենք եղել։ Ապրիլի 30-ին Մարտակերտում էինք, մնացել ենք այնտեղ։ Շատ ուրախ անցավ։ Անդրանիկը շատ էր ուրախացել։ Իրեն տեղեկացրել էինք, որ գնալու էինք ծնունդն այնտեղ նշելու։ Շատ ուրախ էր, ոգևորված։ Հիշում եմ՝ ճանապարհին անընդհատ զանգում էր։ Եղեգնաձոր ենք հասել, զանգել է, Վայք ենք հասել, զանգել է, Գորիս ենք հասել, զանգել է՝ պա՛պ, ո՞ւր հասաք: Կարծես ուզում էր, որ րոպե առաջ իր մոտ լինենք։ Գնացինք, իրեն վերցրինք, գիշերը միասին անցկացրինք, հաջորդ օրը մեզ մոտ է եղել։ Շատ ուրախ անցավ։ Տրամադրությունը շատ բարձր էր, կատակներ էր անում, պարում»,- հիշեց Անդրանիկի հայրը։ Նրա խոսքով՝ ծննդյան օրն Անդրանիկը խոսել է նաև ընկերների հետ, ասել՝ բան չմնաց, մի տարի հետո գալու եմ. «Այդ երեք օրերը բոլորիս մոտ շատ են տպավորվել։ Անմոռաց, շատ լավ օրեր էին։ Երանի այդ օրերին…»։

8 տարեկանից Անդրանիկը ֆուտբոլով է զբաղվել: Այս օրերին անցկացվում է Անդրանիկ Զոհրաբյանի անվան հուշամրցաշար. «Այս տարի առաջին անգամ է անցկացվում։ Ասացին, որ այն ավանդական է դառնալու։ Սկսել ենք ապրիլի 22-ին, և ամեն տարի ապրիլի կեսերից հուշամրցաշարը կրկին մեկնարկելու է, և եզրափակիչը տեղի է ունենալու իր ծննդյան օրը՝ մայիսի 1-ին։ Միշտ այդպես է լինելու։ Ինձ համար կարևորն այն է, որ Անդրանիկիս երազանքներից մեկը, հավանաբար՝ ամենանվիրական երազանքներից մեկը, այսօր կատարվեց։ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր։ Ասում էր՝ պա՛պ, բանակից գալու եմ, տես՝ ինչ թիմ եմ հավաքելու։ Անդրանիկի մեծ երազանքը ֆուտբոլի մարզիչ դառնալն էր։ Ասում էր՝ հենց Վեդիում այնքան տաղանդավոր երեխաներ կան, պարզապես նրանցով լավ չեն զբաղվում, կտեսնես՝ ինչ թիմ եմ հավաքելու, ես շատ տաղանդավոր երեխաներ եմ տեսնում Վեդիում։ Ասում էր՝ շատ ուժեղ թիմ ենք ունենալու, մասնակցելու ենք Հայաստանի առաջնությանը։ Հիմա մրցաշարին 8 թիմ է մասնակցում՝ 160 երեխա՝ 12-13 տարեկան։ Հիմա երբ նայում եմ այս երեխաներին, մտածում եմ՝ Անդրանիկը պետք է մի ուժեղ թիմ ունենար, այսօր 8 թիմ ունենք, որ մասնակցում է Անդրանիկիս անվան հուշամրցաշարին։ Իրոք, շատ տաղանդավոր երեխաներ կան։ Համոզված եմ, որ այս 160 երեխաների շրջանում հաստատ լինելու են տաղանդավոր երեխաներ, ովքեր անպայման մեծ օգուտ են բերելու հայկական ֆուտբոլին։ Նրանց շրջանում հաստատ կլինեն նոր Խորեն Հովհաննիսյաններ, Հենրիխ Մխիթարյաններ, Յուրա Մովսիսյաններ։ Այդ իմաստով ինձ հոգեպես մի փոքր բավարարված եմ զգում, որ իր ամենանվիրական երազանքներից մեկը կյանքի կոչեցինք։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ նման հուշամրցաշարերը, մեր հերոսներին նվիրված միջոցառումները նաև գնահատանքի ու նրանց սխրանքի արժևորման խորհուրդն ունեն։ Պիտի գնահատենք, պիտի արժևորենք տղերքի արած սխրանքը, որ կարողանանք շարունակել ապրել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս