Ջավախքում օծվել է նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվել է նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին։ Այս մասին տեղեկացրին Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Չնայած ցրտաշունչ եղանակին, օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում: 2017 թվականի ապրիլի 22-ը դարձավ պատմական գյուղի տարեգրության մեջ: Տեղի բնակչությունը` մեծից փոքր շտապում էր գյուղից ուրս գտնվող Խաչի դուռնա տեղանք, որտեղ հանդիսավորապես օծվելու էր Վիրահայոց թեմի թվով 58-րդ «Սուրբ խաչ» գործող եկեղեցին:
Գումբուրդու գյուղում սեփական հայկական եկեղեցի ունենալու տեղացիների 80-ամյա երազանքը վերջապես դարձավ իրականություն: 2011 թվականին Գումբուրդոյի բարեպաշտ հայորդիներ Խաչատուր և Սայաթ Սահարյան եղբայրները հանձն առան իրականություն դարձնել մանկությունից իրենց ընտանիքի երազանքը՝ Խաչի Դուռնա տեղանքում կառուցել հայկական աղոթատուն: Նպատակը սուրբ էր. համագյուղացիներին ընձեռել հոգևոր կանոններով և ծիսական արարողություններով ապրելու և նաև տեղացիների ավանդական Սուրբ Զատիկը այստեղ հավուր պատշաճի նշելու հնարավորություն: Սահարյան ընտանիքի եկեղ եցասեր եղբայրների կողմից իրականացվեցին եկեղեցու շինարարության աշխատանքները, բարեկարգվեց շրջակա տարածքը, եկեղեցին հագեցավ անհրաժեշտ գույքով և սրբապատկերներով: Կրկնազատկի տոնին գումբուրդոցիները Սուրբ Զատկի տոնը նշեցին իրենց ավանդության համաձայն, այժմ արդեն Սուրբ Խաչ անունով եկեղեցում:
Եկեղեցական արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի ժողովրդական ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, բարերար Սայաթ Սահարյանը, տեղացի Աղասի Սուրենյանը, պատվիրակություններ Թբիլիսիից, Երևանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից, բազում հավատացյալներ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ Սրբասուրբ մյուռոնով օծվեց նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին:
Այնուհետև Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը մատուցեց անդրանիկ Սուրբ Պատարագը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:
Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը դիմելով ներկաներին, գնահատանքի խոսք ասաց արժանավոր հայորդիներ Խաչիկ և Սայաթ Սահարյանների ազգանվեր նախաձեռնությանը, նրանց փոխանցեց Առաջնորդական օրհնության և գնահատանքի գիր և մագաղաթյա սրբապատկերով հուշանվերներ: Սրբազան Հայրն իր օրհնությունը բաշխեց նաև շինարարական աշխատանքների համակարգող Վալերի Սահարյանին, եկեղեցու ճարտարապետին, շինարարներին և այս բարի գործի բոլոր մասնակիցներին:
Ազգանվեր գործի նախաձեռնողներին շնորհակալության, իսկ տեղացիներին շնորհավորանքի խոսքով դիմեցին շրջանային իշխանության ներկայացուցիչները, հյուրերը:
Եկեղեցական արարողության ավարտից հետո հավատացյալ ժողովրդին բաժանվեց մատաղ: Եկեղեցու հարակից տարածքում Վաչիանի պարային համույթի (գեղարվեստական ղեկավար Նասլեթ Քեհյան) և Երևանից ժամանած «Սասուն» համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան) կողմից ներկայացվեց համերգային ծրագիր: Դուդուկի և զուռնայի հոգեհմա մեղեդիների, երգի ու պարի շնորհաշատ կատարումների ներքո օրը Գումբուրդոյում դարձավ հիրավի տոնական և անմոռանալի:
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում հայերը հաստատվել են 1828 թվականից, գաղթելով Էրզրումի նահանգի Պալնի-Շակավ գյուղից: Այստեղ դեռևս 16-րդ դարից ապրող հայերը աղոթք են արել տեղի 10-11-րդ դարի կառույց անգմբեթ տաճարին հարակից կառուցած հայկական վանքում, որը կոչել են Սուրբ Համբարձման անունով և որը փլատակների է վերածված: Ռուսաստանաբնակ տեղացի այլ հայորդիներ այժմ գյուղում կառուցում են 400-աշակերտի համար նախատեսված երկհարկանի դպրոցական շենք: Գումբուրդո – թուրքերեն բառ է, որ նշանակում է «արևն այստեղ», գյուղն ունի 3 հազարից ավելի բնակիչ» ։