«Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնի մեկնարկը տրված է
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնի մեկնարկին, որի ընթացքում ասուլիսի բանախոսները՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը լրագրողներին ներկայացրին փառատոնին ընդառաջ վերջին նախապատրաստական անելիքներն ու իննամյա ձեռքբերումները:
Այս փառատոնը կարևոր է նրանով, որ դրա մասնակիցներն այս տարի ներկայացնում են աշխարհի 40 երկիր, ասում է նախարար Ամիրյանը և հավելում. «Ամեն տարի Հայաստան այցելելով՝ արվեստագետ, արվեստասեր երեխաներն ու պատանիներն իրենց հետ այստեղից տանում են Գյումրու և Հայաստանի իրենց սրտի մեջ պահած մի կտորը: Հետագայում այդ երաժիշտները դառնալով աշխարհահռչակ երաժիշտներ՝ իրենք դառնում են Հայաստանի, այսպես կոչված, մշակութային դեսպանները: Այս փառատոնը չափազանց կարևոր է նաև նրանով, որ այն իր հետևից Գյումրիում մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտ է ապահովում, մասնավորապես՝ տուրիզմի և զբոսաշրջության զարգացման առիթով»:
Կարինե Ավդալյանը, ով Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենն ու փառատոնի կազմակերպիչն է, նկատում է՝ փառատոնն աննախադեպ մեծացել է և ճանաչում գտել ամբողջ աշխարհում. «Ես կուզենայի՝ մեր ուշադրությունը բևեռեինք նրա վրա, որ այս տարի բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող ժյուրի ենք հրավիրել փառատոն, մասնավորապես՝ Մոսկվայի կոնսերվատորիան ներկայացնող երկու պրոռեկտորներ, Գնեսինայի ակադեմիայի, Աբուդաբիի և Վիեննայի կոնսերվատորիաների ռեկտորները, և այլք»:
Խոսելով փառատոնի առաքելության մասին՝ բանախոսն առանձնացնում է. «Փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության հիմնադրման 25-ամյակին և Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին, որը շատ երիտասարդ ու փոքրիկ է, բայց բոլոր դեպքերում աշխատում ենք զարգանալ, ընդարձակվել և ներկայանալ աշխարհին»:
Բանախոսն ընդգծեց, որ աշխարհահռչակ դաշնակահար Էմիլ Գիլելսի ընտանիքը Գյումրու Կոնսերվատորիայի մասնաճյուղին է նվիրել Գրիգորի Պատոցկու կերտած կիսանդրին, որի բացման արարողությունը տեղի կունենա վաղը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ այս տարի փառատոնն իր թվով 18 անվանակարգերին ավելացրել է ևս մեկը՝ 19-րդ՝ փառատոնային կարգի մեջ ներառելով նաև զինվորական նվագախմբերին ու երգչախմբերին:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին: Ըստ նրա՝ Կոնսերվատորիայի համար ամենակարևորն այն է, որ հնարավորություն է ստեղծվում փառատոնի միջոցով ճանաչելի դարձնել հետագա կադրերին:
Տեղեկացնենք, որ «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնի աջակիցն է Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան և Գյումրու մասնաճյուղը, ինչպես նաև ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատները: