Բաժիններ՝

«Համացանցին հետևելով՝ հասկացել եմ, որ մարդիկ ավելի են բարիացել». Իրինա Թովմասյան

Մայրության և գեղեցկության տոնի առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեցին գեղեցկուհիներ՝ 2001թ. «Միսս Հայաստան» Իրինա Թովմասյանը և 2016թ. առաջին «Վիցցե միսիս Եվրոպա» Աննա Դեմրիխանյանը: Հրավիրված ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան մեր օրերում գեղեցկուհու և մոր կերպարի ընկալմանը, խոսեցին տոնի խորհրդի մասին:

Լինել գեղեցկուհի, միաժամանակ նաև՝ բազմազավակ մայր, մեր օրերում հեշտ է պատկերացնել. ասում է 2001թ. «Միսս Հայաստան» Իրինա Թովմասյանը և հավելում.

«Կան օգնականներ, որ հեշտացնում են մեր զբաղված առօրյան: Կոնկրետ իմ պարագայում մեծ աղջկաս խնամքով զբաղվում է մայրս, փոքր աղջիկներիս համար կա դայակ, ու աշխատանքի պրոցեսում ամեն ինչ կարող ես հասցնել: Եթե կանայք ուզում են, որ իրենց երջանկությունը կրկնապատկվի, եռապատկվի և նույնիսկ՝ քառապատկվի, ապա թող չեզրափակվեն միայն մեկ երեխայով: Ես ուրախությամբ նկատում եմ, որ մեր երկրում կա տենդենց՝ ունենալու նույնիսկ երկուսից ավելի երեխաներ, խոսքս միայն անապահով ընտանիքների մասին չէ»:

2016թ. առաջին «Վիցցե միսիս Եվրոպա» Աննա Դեմրիխանյանը դեռևս մի զավակ ունի, բայց երազում է չորսի մասին.

«Ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ աղջիկս հպարտանում է ինձանով: Մեր օրերում մոր կերպարը դինամիկ է, ակտիվ և միևնույն ժամանակ՝ բարի: Հիմա այնքան լավ տարբերակներ կան՝ երեխաների ժամանցը ճիշտ և օգտակար կազմակերպելու համար: Մայրության կարգավիճակում գտնվելը միայն հաճույք է պարգևում մեր օրերում»,- նկատում է Աննա Դեմրիխանյանը:

Երեխաներին հատկացվելիք ժամանակն ամենակարևորն է, անգամ ամենազբաղված կնոջ առօրյայում. կարծում է բազմազավակ մայր Իրինա Թովմասյանը: Անդրադառնալով մայրերին հատկացվելիք պետական աջակցությանը՝ բանախոսը նկատում է.

«Կարծում եմ՝ պետության կողմից շատ բան է արվում, թեև չի բացառվում, որ կա ինֆորմացիայի պակասի խնդիրը: Շատ մայրեր պարզապես չեն տեղեկանում այս կամ այն հնարավորությունների մասին, չգիտեն այն տեղերը, որ հնարավորություն են տալիս անվճար օգտվելու այս կամ այն արտոնությունից: Յուրաքանչյուր մայր, որ ունի կարիք, պետք է օգտվի պետության կողմից տրամադրվող աջակցման միջոցներից, չէ՞ որ երեխաները մեր ապագան են»:

Անդրադառնալով անապահով ընտանիքներում ծնելիության գրանցվող աճին, Աննա Դեմրիխանյանը նկատում է.

«Ես հաճախ եմ առնչվում այդ խնդրին, որովհետև ներգրավված եմ որոշ սոցիալական ծրագրերում: Նկատում եմ, որ շատ անապահով ընտանիքներում երեխաների ծնելիության աճը մեծ է: Դա, իհարկե, յուրաքանչյուր կնոջ և ընտանիքի անձնական որոշելիք հարցն է, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե որոշում ես ունենալ երեխա, պետք է պարտավորվես նրան ապահովելու մաքսիմում լավագույն հնարավորություններով: Պարզապես պետք է ունենալ այնքան երեխա, որքանին հնարավոր կլինի մաքսիմում երջանկացնել»:

«Վերջին շրջանում մարդիկ ավելի են բարիացել»,- նկատում է Իրինա Թովմասյանը և հավելում,- Համացանցին հետևելով՝ ես հասկացել եմ, որ մարդիկ ավելի են բարիացել և պատրաստակամ են համախմբվելու, իրար օգնելու: Երբ որևէ մեկը հայտարարում է, որ իր երեխան որևէ խնդիր ունի՝ մեծ համախմբում և պատրաստակամություն եմ նկատում իրար օգնելու: Նույնիսկ այն մարդիկ, որ մեծ հնարավորություններ չունեն, միևնույն է՝ ինչ-որ չափով մասնակից են դառնում, պատրաստակամ են օգնության ձեռք մեկնել: Սա լավ նախադրյալ է: Ինչ վերաբերում է ինձ, ես առավել հակված եմ օգնություն ցուցաբերել հիվանդ երեխաների ապաքինման համար հանգանակվող միջոցներին մասնակցելով, ինչպես նաև տարվա մեջ մի քանի անգամ այցելում ենք տարբեր մանկատներ»:

Անդրադառնալով հայտնի՝ «Գեղեցիկ կանայք խելացի չեն» կարծրատիպային մտածողությանը՝ Աննա Դեմիրխանյանը նկատում է.

«Իմ կարծիքով՝ այդ կարծրատիպը վաղուց արդեն նահանջել է և ակտուալ չէ: Արդեն 21-րդ դարում բոլոր կանայք գեղեցիկ են և իրենց կյանքով և աշխատանքով ապացուցել են, որ իրենք նաև հավասար չափով խելացի են»:

Իրինա Թովմասյանը հավելում է՝ բոլորս միասին պետք է հասկանանք, որ գեղեցկությունը միայն արտաքինով չի որոշվում, որովհետև, բացի ֆիզիկական գեղեցկությունից, կա նաև ներքին աշխարհ, հմայք և շատ այլ բնութագրումներ, որ կարող են ամբողջացնել կնոջ մասին ունեցած գեղեցկության պատկերացումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս