«Եթե Հայաստանը ցանկանում է ուժեղ ժողովրդավարություն ստեղծել, ապա քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է ավելի մեծ հասունություն ցուցաբերել». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, թեև ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, սակայն կային որոշակի թերություններ.

«Չնայած նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը՝ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկություններն ու քաղաքացիական ծառայություն իրականացնողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին այլ տեղեկությունները, որի հետևանքով նկատվել է հանրային վստահության  պակաս ընտրություններում։ Թեկուզ այն ընդհանուր առմամբ հանդարտ և խաղաղ է եղել, սակայն նկատվել են կազմակերպչական խնդիրներ և անհարկի միջամտություն գործընթացների նկատմամբ՝ հիմնականում կուսակցության ներկայացուցիչների կողմից»։

Նա նշեց, որ, եթե Հայաստանը ցանկանում է ուժեղ ժողովրդավարություն ստեղծել, քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է ավելի մեծ հասունություն ցուցաբերել և հրաժարվել անցյալի գործելակերպերից. «Մենք այս նախնական եզրակացություններին հասել ենք երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքում»։

Նրա խոսքով՝ քվեարկության գործընթացին բնորոշ են եղել կուտակումները, երկար հերթերը և կուսակցական ներկայացուցիչների ու ոստիկանների կողմից միջամտությունները. «Ընտրողները դժվարություններ են ունեցել քվեարկության գործընթացը հասկանալու առումով։ Դիտարկված տեղամասերի 35%-ում քվեների հաշվարկն իրականացվել է թափանցիկ ձևով, սակայն, շատ դեպքերում գնահատվել է բացասաբար, որի հիմնական պատճառը կուսակցական ներկայացուցիչների միջամտությունն է, նաև՝ ընթացակարգային որոշակի բացթողումները»։

Կարդացեք նաև

Նա կոչ արեց խորհրդարան անցած ուժերին՝ շարունակել ջանքեր գործադրել բարեփոխումներ անելու և ընտրական համակարգն այս թերություններից ազատագրելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս