Ամերիկյան IT-ինդուստրիան նոր մարտահրավերի է բախվել Թրամփի հրամանագրերի պատճառով. Bloomberg
Ամերիկյան IT-ինդուստրիան բացահայտորեն դեմ է հանդես գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերին, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը Միացյալ Նահանգներ, անորոշ ժամկետով արգելում է Սիրիայից փախստականների տեղավորումը և խստացնում է ԱՄՆ մուտք գործելու որոշ կանոններ: Բացի այդ՝ 90 օրով արգելվել է նաև ԱՄՆ մուտքը Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիների համար։
Նշվում է, որ IT-ինդուստրիային մեծ ճակատամարտ է սպասվում, երբ ուժի մեջ մտնեն այդ հրամանագրերը, քանի որ նրանք չեն կարողանա ներգրավել օտարերկրյա աշխատակիցների, գրում է Bloomberg-ը։
Թրամփի վարչակազմը փորձ է անում փոփոխելու աշխատանքային վիզայի պայմանները, որոնք օգտագործվում էին բազմաթիվ ընկերությունների կողմից՝ նրանց պարտադրելով, որ եթե ցանկանում են աշխատանքի վերցնել օտարերկրա աշխատողների, առաջնայնությունը պետք է տրվի նրանց, ով բարձր է վճարվում։
Բիզնեսները պետք է փորձեն աշխատանքի վերցնել առաջին հերթին ամերիկացիների, Bloomberg-ը մեջբերում է Փեթեր Էլսթրոմի և Սարիտա Ռայի խոսքերը, որոնք ծանոթ են այդ նախագծի տարբերակին։
Նշվում է, որ սահմանափակող հրամանագիրը վերաբերելու է օտարերկրա աշխատակիցների ԱՄՆ մուտքի ժամանակավոր վիզաներին, ներառյալ՝ H-1B, L-1, E-2 և B1։Այդուհանդերձ, միայն H-1B վիզան է առնչվում տեխնոլոգիական ինդուստրիային։
H-1B վիզան թույլ է տալիս ընկերություններին վարձել օտարերկրա աշխատակիցների, որոնք ունեն հատուկ հմտություններ։ Այս վիզաների թիվը սահմանափակ է՝ տարեկան մինչև
65 000։ Այս վիզաները սովորաբար անհապաղ սպառվում են ամեն տարվա սկզբին։
Տեխնոլոգիական ընկերությունները տարիներ շարունակ լոբբինգ էին իրականացնում Կոնգրեսում՝ կոչ անելով ավելացնել այդ վիզաներին մատչումը (Բիլ Գեյթսը Կոնգրեսում այդ մասին խոսել է 2008թ.)։
Գրեթե ողջ տեխնոլոգիական ընկերություններն օգտագործում են այդ վիզաները՝ ԱՄՆ աշխատանքի հրավիրելու տաղանդավոր մասնագետների։
IBM-ը, Microsoft-ը, Google-ը, Intel-ը, Amazon-ը, Apple-ը, Oracle-ը H1-B տեսակի վիզաներից օգտվողների թոփ 25-յակում են։ Նրանք տարեկան այդ եղանակում աշխատանքի են ընդունում մոտ 1000 աշխատակցի, հայտնում է MyVisaJobs-ը։
H-1B վիզաների ամենամեծ օգտվողներից են նաև հնդկական Infosys, Tata և Wipro ընկերությունները։
Ներկայումս խնդիր կա, որ այդ վիզաներն ունեցողներհ կարող են զրկվել իրենց աշխատանքից։ Եթե նրանք կորցնեն այդ աշխատանքը, կկանգնեն ԱՄՆ-ից արտաքսման վտանգի առաջ, եթե արագորեն չկարողանան գտնել նոր ընկերություն, որը կհովանավորի նրանց վիզաները։