«Չեմ կարծում, որ Լուկաշենկոն ներկա չէր նախորդ գագաթաժողովին, որպեսզի չընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար». Նալբանդյան
«ՀԱՊԿ գլխավոր հաջորդ քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն է լինելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հաստատեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցի ձգձգմանը:
Նա հիշեցրեց, որ դեռևս վաղուց հայտնել են, հաջորդ քարտուղարը լինելու է ՀՀ ներկայացուցիչը, որի կապակցությամբ մի քանի օր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ է անցկացվել, դրա ընթացքում որոշում է ընդունվել գլխավոր քարտուղարի պաշտոնի վերաբերյալ, ապա որոշման նախագիծն ուղարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներին, որպեսզի նրանք անձնական կարգով հաստատեն այդ որոշումը, որից հետո որոշման նախագիծը կներկայացվի ՀԱՊԿ հաջորդ գագաթաժողովին: «Հուսով եմ, որ շուտով պարզ կլինի հաջորդ գագաթաժողովի ժամկետը, հնարավոր է` խոսքը գնում էր ապրիլի մասին, հուսով եմ, որ այդ գագաթաժողովի ժամանակ վերջնական լուծում կստանա»,- հույս հայտնեց Նալբանդյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ ՀՀ դաշնակից Բելառուսի նախագահը բացակայեց ՀԱՊԿ նախորդ գագաթաժողովից, որի պատճառով հետաձգվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցը, նախարարը պատասխանեց. «Եթե հարց ունեք, Լուկաշենկոյին ուղղեք: Չեմ կարծում, որ նա ներկա չէր, որպեսզի չընտրվեր գլխավոր քարտուղար»: