«Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարծիքն ու մոտեցումներն է ունեցել, դա եղել է քսան տարի առաջ». Նալբանդյան
«Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին նախագահ է, ում հարգանքով պետք է վերաբերվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերյան ելույթին, որում նա, ի թիվս այլ հարցերի, մտահոգություն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Է. Նալբանդյանն ասաց, որ ձեռնպահ կմնա Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանություններին անդրադառնալուց: «Նա իր կարծիքն ու մոտեցումներն է ունեցել, դա եղել է քսան տարի առաջ, մենք շատ առաջ ենք գնացել, եղել են տասնյակ նախագահական հանդիպումներ, այդ տասնյակ հանդիպումները պարապ չէին, նախարարների մակարդակով հանդիպումները մի քանի անգամ ավելի շատ են եղել, որովհետև դրանց ընթացքում պատրաստվել են նախագահական հանդիպումներ, մեծ զարգացում է տեղի ունեցել, պետք է դրանից ելնենք, իհարկե, նկատի ունենալով անցյալի փորձը»,- ասաց նախարար Նալբանդյանը: