ՌԴ-ն կարող է նավահանգիստ վարձակալել Շվեդիայում՝ «Հյուսիսային հոսք-2»-ի համար. ԶԼՄ-ներ
Շվեդիայի իշխանությունները չեն կարող խոչընդոտել Կառլսհամն նավահանգստային քաղաքի մտադրությանը՝ Ռուսաստանին վարձակալության հանձնել իրենց նավահանգստի մի մասը, ինչն անհրաժեշտ է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության համար, գրում է Euobserver-ը։
Հաղորդվում է, որ Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Գուլտկվիստը դեմ է այդ գազատարի շինարարությանը, քանի որ այն վտանգում է երկրի անվտանգությունը։
Սակայն Շվեդիայի կառավարությունը չունի լիազորություններ՝ խանգարելու քաղաքի իշխանություններին։
Սպասվում է, որ Կառլսհամնի քաղաքային խորհուրդն այսօր կաջակցի նավահանգստի վարձակալության որոշմանը։
Ծրագրվում է, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի հզորությունը կազմելու է տարեկան 55 միլիարդ խմ, ինչը թույլ կտա կրկնակի ավելացնել գազամատակարարումները դեպի Գերմանիա: Այն անցնելու է Ռուսաստանի ափով, Բալթիկ ծովով մինչև Գերմանիա:
«Գազպրոմին» է պատկանելու նախագծի բաժնետոմսերի 50 տոկոսը, եվրոպական OMV, BASF, Engie, Shell, Uniper ընկերություններին` 10-ական տոկոս:
Նոր գազատարը պլանավորվում է կառուցել «Հյուսիսային հոսքի» հարևանությամբ: