Բաժիններ՝

«Առանց հայ ներգաղթյալների ԱՄՆ-ում չէր լինի Reddit-ը». Ալեքսիս Օհանյանը՝ Թրամփի հրամանագրի մասին

Մեր հայրենակից, ամերիկյան սոցիալական-լրատվական reddit.com կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով դեռ 2012թ. հայտնվել էր Forbes-ի ամենատաղանդավոր երիտասարդների շարքում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ միասին, բաց նամակ է հրապարակել, որտեղ մեկնաբանել է երկիր ներգաղթյալների ու փախստականների մուտքը արգելող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերը։
Վերջինս հիշեցրել է իր հայկական արմատների մասին։

«Ես հայ փախստականների ժառանգ են, որոնք Ցեղասպանության տարիներին ստիպված էին ապաստան որոնել։ Նախ՝ նրանք այն գտան Սիրիայում, ապա՝ ԱՄՆ-ում։ Իմ նախատատն ու նախապապը Նահանգներում ունեցան 4 երեխա։ Նրանցից մեկը՝ իմ պապը, ամուսնացավ հայ փախստական աղջկա հետ, որը ԱՄՆ էր ժամանել Ֆրանսիայից։

Իմ մայրը ծագումով Գերմանիայից է։ Իմ նախնիները եղել են խիզախ փախստականներ, որոնք իրենց տունը գտան այս երկրում։

Առանց նրանց ես չէի լինի, առանց ինձ չէր լինի Reddit-ը»,- գրել է Ալեքսիս Օհանյանը սոցկայքում հրապարակված բաց նամակում։

Գործարարը Դոնալդ Թրամփի հրամանագիրն անվանել է «խորապես հակաամերիկյան» ու հավելել, որ Reddit-ը միշտ իր թվային հանրույթում ողջունելու է ներգաղթյալներին և նրանց ժառանգներին։

«Ի վերջո, մենք ներգաղթյալների ազգ ենք»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս