Մյունխենում կյանքի 107-րդ տարում մահացել է Գեբելսի քարտուղարուհին
Գերմանիայում 107 տարեկան հասակում մահացել է Բրունհիլդա Պոմզելը՝ Նացիստական Գերմանիայի ազգային լուսավորության և քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի անձնական քարտուղարուհին։
Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ վկայակոչելով ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստիան Քրենեսին, որը Բրունհիլդա Պոմզելի մասին «Մի գերմանուհու պատմություն» վավերագրական ֆիլմի հեղինակն է։
Նրա խոսքով՝ Պոմզելը մահացել է հունվարի 27-ին Մյունխենի իր տանը։
Նա եղել է վերջին մարդկանցից մեկը, որը անձամբ ճանաչել է նացիստական գլխավոր հանցագործներից մեկին։
Պոմզելը Գեբելսի մոտ աշխատել է 1942-1945թթ․՝ մինչև վերջին պահը, երբ Գեբելսն ու նրա կինը թունավորեցին իրենց 6 երեխաներին, ապա ինքնասպան եղան 1945թ․ մայիսի 1-ին։
Իր 100-ամյակի առիթով 2011թ. գերմանական մամուլին տված հարցազրույցում նա ասել է. «Ես երբեք չեմ ների Գեբելսին այն բանի համար, թե ինչ արեց աշխարհի հետ և նրա համար, որ սպանեց իր անմեղ երեխաներին»։
Պատերազմի ավարտից հետո նա կալանավորվել էր ու 5 տարվա ազատազրկման դատապարտվել։ Ազատազրկումից հետո Պոմզելը ավելի քան 20 տարի աշխատել է ARD հեռուստառադիոընկերությանը։
Գերմանուհին երբեք չի ամուսնացել և չի ունեցել երեխաներ։