Արարատ Խանդոյանին տեղափոխել են կոտրված ապակիներով խուց
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, հայտարարություն է տարածել։ Այն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։
«Սույնով հայտնում եմ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը ինձ տեղափոխել է պատժախուց, որի պայմանները անմարդկային են, պատժախցի պատուհանի ապակիները կոտրված են, խուցը խոնավ է, և ցուրտը սողոսկում է խուց։ Քանի որ ես գտնվում եմ բուժման կուրսում և դեռ չեմ ապաքինվել և ներկայումս վատառողջ եմ, և նման պայմաններում ինձ պահելը անմարդկային վերաբերմունք է, քանի որ իմ կյանքին և առողջությանը կարող է վտանգ հանդիսանալ։ Սա 2-րդ նմանատիպ դեպքն է, որ պատուհանի ապակիները կոտրված են։ Ինձ չեն տրամադրել սանիտարահիգիենիկ պարագաներ և անհրաժեշտ առաջին օգտագործման իրեր»,- նշված է հայտարարության մեջ։