Քննարկվում է հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն ստեղծելու հարցը
ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ քննարկում է հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն ստեղծելու հարցը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Հարցին՝ հայկական կողմում կա՞ ընկերություն, որը պատրաստ է համագործակցել այդ հարցում` նախարարը պատասխանեց. «Եթե կառավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու քայլին, հաստատ կգտնվի համագործակցությանը պատրաստ հայկական ընկերություն»:
Նախարարը հավելեց, որ ռուսական կողմի հետ քննարկվել է «Սուխոյ սուպերջետ» ընկերության հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու հարցը: SSJ 100 օդանավերի հիմքով նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել է Մոսկվայում Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ու Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հանդիպման ժամանակ: