«Ես մի ժամանակ որ ասում էի, թե ՀՀԿ-ում մարդիկ կան, որ պաշտոնի համար են եկել, փաստորեն, դա է դառնում». Աշոտ Աղաբաբյան. «Հրապարակ»

Իշխանությունից նեղացած ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չի ուզում հավատալ, որ Հովիկ Աբրահամյանը հեռացել է կուսակցությունից։ Չնայած տեւական ժամանակ է՝ Աղաբաբյանը կասեցրել է ակտիվ շփումները հարազատ կուսակցության հետ, նա չէր հաճախում ԱԺ նիստերին՝ իր բիզնեսների նկատմամբ հարկային մարմինների ստուգումներից ու տուգանելուց հետո, բայց կարծում է, որ կուսակցությունից հեռանալն անթույլատրելի է։

«Ես մի ժամանակ որ ասում էի, թե ՀՀԿ-ում մարդիկ կան, որ պաշտոնի համար են եկել, փաստորեն, դա է դառնում։ Ես չեմ ուզում վիրավորած լինեմ, նա վաղուց է ՀՀԿ-ի շարժերում եղել, բայց շատ զարմանալի է, որ դուրս է գալիս»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասաց Աղաբաբյանը։

Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը, ըստ ամենայնի, չի հաշտվում լուսանցքում հայտնվելու իր կարգավիճակի հետ, Աղաբաբյանը չհամաձայնեց. «Նա կուսակցության նախագահի տեղակալն է, դա քիչ պաշտոն չէ, զարմանում եմ»։

Ապա իր օրինակով ավելի հիմնավորեց տեսակետը, «ճիշտ է՝ մարդու իրավունքն է, ինձ էլ են ասում, թե նեղացած եմ, բայց այդպես չէ։ Պիտանելիության խնդիր է։ Եթե ես տեսնում եմ, որ իմ պիտանելիության ռեսուրսները վերջացել են, ես ինքս եմ մի կողմ քաշվում։ Խնդիրը ֆինանսական ռեսուրսների մասին չէ, մարդն ինքը կապիտալ, է, իսկ ռեսուրսները մարդուն հարգող հասարակությունն է, իր մտերիմները»։

Նա չի կարծում, թե ՀՀԿ-ում Աբրահամյանի թիմը կհետեւի նրա քայլին. «Ի վերջո, աշխատանքն է ձեւավորում այդ թիմը, Եթե նա ուրիշ կուսակցություն է ստեղծում, դա այլ հարց է, բայց կուսակցությունները թիմերով չեն, այլ ծրագրերով, եթե այլ պլաններ ունի, չեմ կարող ասել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս