Բաժիններ՝

«Փյունիկի» Հենոյից՝ մինչև «Յունայթեդի» կարիճ. Մխիթարյանը 28 տարեկան է

Այսօր իր ծննդյան 28-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, հայկական ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանի անունը Հայաստանում ծանոթ է գրեթե բոլորին: Հայազգի կիսապաշտպանի շնորհիվ շատերը սկսեցին հետաքրքրվել հայկական ֆուտբոլով, հենց Հայաստանում փնտրել ֆուտբոլային տաղանդներ, և «Հայաստան» բառը լսելիս միանգամից հարցնել՝ Մխիթարյա՞ն:

Մխիթարյանն իր խաղով կոտրեց մի շարք կարծրատիպեր, դարձավ հազարավոր հայ փոքրիկների կուռքն ու ոգեշնչումը, վերադարձրեց հայ երկրպագուների հավատը:

Հետաքրքիր փաստեր

Կարդացեք նաև

Հենրիխ Մխիթարյանը միշտ աչքի է ընկնում իր կրթվածության մակարդակով: 28 տարեկանում Հենրիխը վարժ խոսում է 6 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն, կարողանում է հանգիստ շփվել իտալերենով և հասկանում է ուկրաիներեն ու իսպաներեն:

Տարածված է այն կարծիքը, թե ֆուտբոլիստները հեռու են ընթերցանությունից: Հենրիխն իր օրինակով ցույց է տալիս, որ այս կարծիքն այնքան էլ ճշմարտացի չէ: Հենրիխը շատ է կարդում և կարդում է ոչ միայն տանը, այլև թիմի հետ ինչ-որ տեղ գնալիս: Լրագրողները պարբերաբար նշում են, որ,  եթե մյուս ֆուտբոլիստներն ինքնաթիռում կամ ավտոբուսում երաժշտություն են լսում, ապա հայազգի կիսապաշտպանը գրեթե միշտ զբաղվում է ընթերցանությամբ:

Մխիթարյանը սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի Երևանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետում:

Մխիթարյանի կուռքը Զինեդին Զիդանն է, իսկ մանկության ամենասիրելի թիմը՝ «Արսենալը»:

Ֆուտբոլից հետո Հենրիխի սիրելի զբաղմունքը Playstation խաղալը և թենիսի հանդիպումներ դիտելն է:

Մխիթարյանի ամենասիրած ֆիլմը «300 սպարտացիներն» է: Հայ ֆուտբոլիստը նշում է, որ կարող է դիտել այս ֆիլմը հարյուրավոր անգամներ:

Մխիթարյանն ամենուր աչքի է ընկնում իր համեստությամբ: Մանչեսթերյան ակումբի մարզաբազայի՝ Քերինթգոնի աշխատակիցները Հենրիխին նկարագրում են՝ որպես բացարձակ ջենթլմեն: Աշխատակիցները Metro-ի հետ զրույցում նշել էին, որ Մխիթարյանը սիրելի է բացարձակապես բոլորի համար:

Տպավորիչ մտքեր

Մխիթարյանը սիրում է հարցազրույցների ընթացքում հետաքրքիր մտքեր արտահայտել: Առանձնացրել ենք Հենրիխի ամենատպավորիչ մտքերը:

«Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երևանի սովորական բնակիչ եմ: Աստղերը երկնքում են»:

«Ես միշտ աշխատում եմ սովորել: Դա իմ կյանքի սկզբունքն է: Մարդը, ով դադարում է սովորել, հավասար է մահացած մարդու»:

«Ես շատ եմ սիրել Զիդանի խաղը, այն ինձ միշտ ոգեշնչել է: Բայց ես երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան: Ես սիրում եմ լինել անհատականություն»:

«Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց ես համոզված եմ, որ կարող եմ խաղալ ավելի ու ավելի լավ»:

«Ես շատ բաց մարդ եմ: Ես կարող եմ լսել ցանկացած մարդու, եթե հասկանամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա ես պարզապես ուշադրություն չեմ դարձնի նրա ասածներին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս