Ստեփան Սաֆարյանը դեռ որոշում չի կայացրել՝ կմիանա «Ելքի՞ն», «Ազատ դեմոկրատների՞ն», թե՞ ոչ մեկին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը «Ելք» դաշինքից և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից իրենց ցուցակներով ընտրություններին մասնակցելու առաջարկ է ստացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սաֆարյանը նշեց, որ դեռևս որոշում չի կայացրել, թե ինչպես է վարվելու՝ միանալո՞ւ է որևէ մեկին, թե՞ ոչ։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ ընդունեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը, եթե «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» գաղափարապես մոտ են, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ Խաչատուր Քոքոբելյանն իր կուսակցության հիմքի վրա ստեղծվող ցուցակով է ցանկանում մասնակցել ընտրությունների, իսկ «Ժառանգության» վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ նրանք հանուն իշխանափոխության պատրաստ են համագործակցելու ցանկացած քաղաքական ուժի հետ։

Որպես «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ՝ Ս. Սաֆարյանն ասաց, որ այն վեճը, որը կա կուսակցությունում, եղել է նաև  2013 թվականին. «Կուսակցության մի թևը, որը մեծամասնություն էր, և որի ներկայացուցիչներն էին Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, հանուն իշխանափոխության՝ պատրաստ էին համագործակցել ցանկացածի հետ, գնալ ցանկացած եղանակի: Ես և Անահիտ Բախշյանը դեմ ենք եղել այդ մոտեցմանը, այն ժամանակ դա քառյակի ֆորմատն էր, ասում էինք, որ դա իրատեսական չէ: Անցել է 3.5 տարի, ու «Ժառանգությունում» նույն վիճակն է: Հանուն արդարության՝ պետք է ասեմ, որ մտածում էի, որ իրավիճակը կուսակցությունում այսքան չի խորանա, մտածում էի՝ եթե սխալների գնահատում լիներ, հնարավոր էր վերադարձը, բայց նույն բանաձևը փորձարկեցին»:

Ս. Սաֆարյանը նաև նշեց, որ կուսակցություններն ունեն ռեսուրսների, հանրաճանաչ դեմքերի խնդիր, ու իրենց սիրուն աչքերի համար չէ, որ իրենց առաջարկներ են անում։ Հարցին, թե՝ դա «Ազատ դեմոկրատներին» է՞լ է վերաբերում, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Նաև «Ազատ դեմոկրատներին», իհարկե։ Խաչատուր Քոքոբելյանն ինքը չի էլ թաքցնում, և այդ խնդիրը բոլոր կուսակցություններն ունեն»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս