««Սասնա ծռերի» նախկին կազմով քաղխորհուրդը վաղուց արդեն չի հավաքվում». Ալեք Ենիգոմշյան

168.am-ի զրուցակիցն է «Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

– Ինչքանո՞վ է «Սասնա ծռերը» ներգրավված նախընտրական դաշինքների ստեղծման գործընթացներում։

– Ոչ մի ձևով մենք բանակցություններում ներգրավված չենք, չնայած որոշ առաջարկություններ լինում են, բայց այդ բոլորը հենց սկզբից անհեթեթ են մեզ դիմելու պահով, որովհետև մեր կեցվածքը վաղուց շատ հստակ և պարզորոշ է՝ այս վարչախմբի օրոք ընտրությունների հետ կապված ցանկացած ակնկալիքի առումով, այսինքն՝ այս վարչախմբի օրոք Հայաստանում, ցավոք, չեն կարող իսկական ընտրություններ լինել, և ապրիլին ակնկալվող չակերտյալ ընտրությունները նույնն են լինելու, ինչ նախկինում, նույնիսկ մի քիչ ավելի վատը, որովհետև ավելի նախապատրաստված ձևով այս ամեն ինչը մատուցվելու է, հետևաբար, այո, դաշինքները ձևավորվում են, մենք ներգրավված չենք նման նախաձեռնությունների մեջ։

– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ձեզ հետ համագործակցող ուժերից «Ժառանգությունը» մասնակցում է նախընտրկան դաշինքներ ստեղծելու բանակցություններին, հատկապես, որ մամուլում գրում են, որ նրանք բանակցում են Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի հետ։

Կարդացեք նաև

– Չեմ կարծում, որ իրենք իրենց դիրքորոշումը փոխել են։ Կարծում եմ՝ իրենք միշտ էլ ընտրություններին մասնակցելու կողմնակից են եղել, այդ առումով, բնականաբար, մեր միջև համագործակցություն բացարձակապես չկա: Ինչ վերաբերում է այն դաշինքի բնույթին, որի մասին խոսվում է՝ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի շուրջ, ասեմ, որ մինչև այս պահը վերջնական ոչ մի բան չկա, հետևաբար՝ չէի ուզենա արտահայտվել այն տեսանկյունից, որ նման բան եղել է։ Գտնում ենք, որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը քաղաքական դաշտում ժողովրդի կողմից ընդունելի լինելուց առաջ իրենց գնահատականները պետք է տան իրենց անցյալի դերակատարությունների առումով։ Այսինքն՝ կան մարդիկ, որոնք այս պետության թշնամիներն են, կան մարդիկ, ովքեր սխալներ են գործել, բայց որոնց չի կարելի համարել թշնամիներ, բայց որպեսզի նրանք ընդունելի լինեն, իրենք պետք է իրենց բացատրությունները և մեղայականն ասեն իրենց անցյալի գործունեության կամ իրենց դերակատարության  ու թերացումների առումով։

– «Սասնա ծռերն» այս պահին ի՞նչ է նախատեսում անել՝ հաշվի առնելով, որ, փաստորեն, ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորությունը չեք տեսնում։

– Մենք ժողովրդական շարժումի կազմակերպման աշխատանքները շարունակում ենք, և դա կշարունակվի, և մենք այդպիսով հանդես կգանք։

– Մինչև ընտրությունների մասի՞ն է խոսքը, թե՞ ընտրություններից հետո։

– Իհարկե հետընտրական գործընթացը կարող է կարևոր նշանակություն ունենալ, բայց դրանից անկախ՝ մեզ համար դա էական չէ մինչև ընտրություն կամ ընտրություններից հետո, այսինքն՝ մեր աշխատանքը պայմանավորված չէ ընտրություններով, չնայած ընդունում ենք, որ հետընտրական գործընթացը կարող է որոշիչ նշանակություն ունենալ։

– «Ժառանգության» անդամները դեռ մասնակցո՞ւմ են ձեր քննարկումներին։

– Ոչ, այդ նախկին կազմով քաղխորհուրդը վաղուց արդեն չի հավաքվում։

– Իսկ ովքե՞ր են քաղխորհրդի նոր անդամները։

– Կարծում եմ՝ ապագայում այդ անունները կարելի կլինի տալ, բայց հիմա ձեռնպահ եմ մնում։

Տեսանյութեր

Լրահոս