Ամերիկացի լրագրողները քննադատել են Թրամփին նրան ուղղված բաց նամակում
Ամերիկացի լրագրողները Սպիտակ տան լրագրողական թիմի անունից ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին բաց նամակ են ուղարկել, որտեղ քննադատել են նրա դիրքորոշումը ԶԼՄ-ների հետ համագործակցության վերաբերյալ։
Նամակի հեղինակ է հանդես եկել Columbia Journalism Review ամսագրի գլխավոր խմբագիր Քայլ Փոուփը։ Նա Թրամփի՝ մամուլի հետ ունեցած հարաբերություններն անվանել է «լարված» ու հայտարարել, որ ԱՄՆ ապագա նախագահին չի հաջողվի խոչընդոտել լրագրողներին կատարել իրենց մասնագիտական պարտքը։
«Վերջին հաղորդագրությունները, թե ձեր մամուլի քարտուղարը պատրաստվում է Սպիտակ տնից հեռացնել լրագրողների համար նախատեսված սենյակները, վերջին հաստատումն են այն բանի, ինչը շարունակվում էր ողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Դուք արգելում եք լրատվական կազմակերպություններին գրել ձեր մասին»,- ասվում է նամակում։
Քայլ Փոուփը անուշադրության չի մատնել Թրամփի արտահայտությունները թղթակիցների մասին, մասնավորապես այն վիրավորանքներն ու սպառնալիքները, որոնք նա հրապարակում է Twitter-ում։
«Այդ ամենը, իհարկե, ձեր ընտրությունն է ու ինչ-որ առումով ձեր իրավունքը։ Թեև Սահմանադրությունը պաշտպանում է մամուլի ազատությունը, այն չի թելադրում, թե ինչպես նախագահը պետք է դրան հետևի»,- գրում է Փոուփը՝ Թրամփին լրագրողների անունից մաղթելով «երջանիկ երդմնակալություն»։