Թրամփի երդմնակալության արարողությանը կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Հովհաննիսյանը

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կմասնակցի ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի  երդմնակալության պաշտոնական արարողությանը։ 168.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողության մասնակցության կարգին։

Բալայանի փոխանցմամբ՝ ամերիկյան արարողակարգի համաձայն՝ նախագահի երդմնակալության արարողությանը պետությունների ղեկավարներ ու արտերկրյա պատվիրակություններ չեն հրավիրվում։ «Արարողությանը մասնակցում են միայն Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանները։ Ամերիկյան արարողակարգը դա է ենթադրում»,- պարզաբանեց Բալայանը: Մի շարք ամերիկացի փորձագետների համաձայն ևս, ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը զուտ ամերիկյան արարողություն է, որին մյուս երկրները սովորաբար մասնակցում են իրենց դեսպանների մակարդակով։ Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Վաշինգտոն քաղաքի Քեփիթոլ Հիլլ շենքում, որն ԱՄՆ Կոնգրեսի նստավայրն է, կկայանա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որով նա պաշտոնապես կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը։

Ամերիկյան արարողակարգի համաձայն՝ երդմնակալության արարողությանը մասնակցության հրավեր է ուղարկվում բոլոր նախկին նախագահներին։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում պարտված Հիլարի Քլինթոնը կմասնակցի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանն իր ամուսնու՝  ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ։  Մեկ այլ նախկին նախագահ՝ Ջորջ Բուշ կրտսերը, կնոջ՝ Լորայի հետ ևս մասնակցելու է արարողությանը՝ չնայած Թրամփի քաղաքական ծրագրի նկատմամբ հայտնած իր անհամաձայնությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս