Բաժիններ՝

Հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների

Երեկ՝ հունվարի 15-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության այն մասին, թե հայկական կողմի արձակված կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիկրետ Նուրշիրավանօղլու Բաշիրովը, իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զինծառայողի մահվան պատճառները փնտրել իրենց բանակում տիրող միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություներում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ավելին՝ հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հրաձգային զինատեսակների հետ կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր: Հատկապես ինտենսիվ արկակոծման են ենթարկվել ՊԲ արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ հակառակորդը 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 51 արկ, իսկ 82 միլիմետրանոցից՝ 3 արկ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների: Առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս